Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են իր տան վրա
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են երկրի հարավում գտնվող իր տան վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Եղել են ագրեսիվ գործողություններ, ռասիստական ու հակասեմական հարձակումներ: Բացի այդ՝ «դեղին բաճկոնները» երեկ հարձակվել են Ֆորկալկեյում գտնվող իմ տան վրա», - ասել է նախարարը՝ նշելով, որ իր կինն ու դուստրը հարձակման ժամանակ տանն են եղել:
Հարձակման ու դրա հետևանքների մասին պաշտոնյան մանրամասներ չի հայտնել:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ակցիաների պատճառով սահմանափակվել է մայրաքաղաք Փարիզում երթևեկությունը. փոխվել են վերգետնյա տրանսպորտի որոշ երթուղիներ, ինչպես նաև փակվել է քաղաքի մետրոյի կենտրոնական 7 կայարան:
Հայտնի է, որ այսօր ցուցարարները բողոքի ակցիաներ կիրականացնեն Փարիզի Մարսյան և Ելիսեյան դաշտերի, Ազգային ժողովի, Պորտ Մայոյի, Բաստիլիայի, Հանրապետության և Համաձայնության հրապարակների տարածքներում:
Ֆրանսիայում վառելիքի գնի աճի և հարկերի բարձրացման դեմ բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 287.000 մարդ: Ֆրանսիացիները դեմ են իշխանությունների՝ 2019-ին դիզելային վառելիքի և բենզինի գները բարձրացնելու որոշմանը: Փարիզն այս քայլը մեկնաբանել է որպես պայքար օդի աղտոտվածության դեմ և հայտարարել է, որ մտադիր չէ փոխել որոշումը:



