«Ադրբեջանը Բելառուսից ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կգնի». Ալիև
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսն ու Ադրբեջանը բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ պայմանագիր են պատրաստում: Այդ մասին լրագրողներին ասել է Մինսկում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքում, գրում է belta.by-ն:
Այսօր երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև՝ սպառազինության մատակարարման ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացման վերաբերյալ:
«Ամենակարճ ժամկետներում այն կվերածվի պայմանագրի՝ Բելառուսից ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման համար»,- ասել է Ալիևը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի նախագահն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Մինսկն ու Բաքուն մտադիր են «համատեղ յուրացնել երրորդ երկրների շուկաները»: Լուկաշենկոն ընդգծել է, որ երկու երկրներն ընդլայնված արտադրական համագործակցության համար անհրաժեշտ հիմք ունեն: Այս համատեսքում Բելառուսի ղեկավարը նշել է, որ Գյանջայում (Գանձակ) արդեն հավաքվել է ավելի քան 10.000 բելառուսական տրակտոր ու 3.500 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: Նա մանրամասնել է, որ արդեն գրեթե պատրաստ է Թուրքիայում Մինսկի ու Գյանջայի գործարանների մասնակցությամբ տրակտորների արտադրության նախագիծը:
Բացի այդ, Լուկաշենկոն Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանը Բելառուսի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի ռազմավարական գործընկեր»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, երկու երկրների առաջնորդների բանակցություններն ընթացել են Մինսկի Անկախության պալատում:
«Բելառուսը սպասում էր ձեզ: Մենք վաղուց էինք սպասում դրան»,- հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահը:
Նա ընդգծել է, որ Բելառուսում Ադրբեջանին ընդունում են որպես «շատ բարեկամական, եղբայրական երկրի, որի հետ լավ հարաբերություններ են հաստատվել ամենատարբեր մակարդակներում»:



