Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հաստատությունները ջեռուցվում են
ОБЩЕСТВОԱշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական ու երրորդական փողոցների, բակային տարածքների ասֆալտապատման, ճաքալցման, փոսալցման և փոսանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ մայրաքաղաքում ավարտվել են 2015թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքները: Վերանորոգվել է ընդհանուր թվով 1836 շենքերի տանիք և 598 շենքերի 866 մուտք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է արդեն իսկ գույքագրել և նախապատրաստվել հաջորդ տարվա աշխատանքներին:
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ջեռուցման տարեշրջանի մեկնարկի հետ կապված զեկուցվել է, որ վերոնշյալ հաստատությունները ջեռուցվում են և պահպանվում է անհրաժեշտ ջերմային ռեժիմ:



