Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՅԴ անդամները քննարկել են ժողովրդի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները
ПОЛИТИКАՆոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի, հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայրենի պետության առջև ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության և արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվել է նաև ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված ծրագրերի և ձեռնարկների մասին:
Մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում Հայոց Եկեղեցու դեմ տեղ գտնող հարձակումներին` տիար Հրանտ Մարգարյանն այս կապակցությամբ վերահաստատել է կուսակցության դիրքորոշումը` ամբողջական զորակցություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին: Վերջինս ընդգծել է, որ կուսակցությունը, գիտակից Հայ Եկեղեցու ազգապահպան և հոգևոր առաքելության կարևորությանը, շարունակելու է զորավիգ և նեցուկ լինել նրան:
Իր հայրական օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է կուսակցության կեցվածքին` գնահատելով դրսևորած ոգին և գիտակցությունը: Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ ժողովրդի զորակցությունը և նախանձախնդրությունը Մայր Եկեղեցու և իրենց սրբազան հավատքի հանդեպ արտահայտությունն են այն իրողության, որ Հայոց Եկեղեցին մեր ազգի ինքության և գոյության հիմնական երաշխավորներից է:Նորին Սրբությունը հաստատել է, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց փրկչական և ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության և բարօրության:
Նորին Սրբությունը խոսել է նաև ժողովրդի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների մասին` նշելով, որ ազգի հոգևոր զորությամբ և միասնականությամբ են դարերի ընթացքում հաղթահարվել բոլոր դժվարությունները և արձանագրվել հաղթանակները: Հայոց Հայրապետի խոսքով` այսօր ևս, դժվարությունների և փորձությունների դիմակայման ճանապարհին, մեր ազգը պետք է հետևողը դառնա նախնյաց որդեգրած այս կեցվածքի և փորձառության:



