Գյումրիում մանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինների որդեգրման գործընթացը կասեցված է
ОБЩЕСТВОԳյումրիում մանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինների որդեգրման գործընթացը կասեցված է երկամսյա ժամկետով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս ամսին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
Նա հոկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին։
Հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։
Միևնույն ժամանակ արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։« Անձամբ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մնացել և հայտնել են իրենց պատրաստակամությունը մայրիկին և փոքրիկներին աջակցելու համար։ Այս հարցը հնարավոր է դառնում լուծել հասարակության և պետության կազմակերպված և միասնական մոտեցման և վերաբերմունքի առկայության պարագայում։
Կարող եք շարունակել աջակցության ձեր առաջարկները ուղարկել իմ կամ նախարարության ֆեյսբուքյան էջին կամ այլ նախընտրելի միջոցով։ Մասնագետների հետ մեկտեղ կգտնենք փաթեթային լավագույն լուծումը։Ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-գրել է Թանդիլյանը։



