Պարբերաբար ստուգումներ են լինելու, որ աշխատանքները պատշաճ կատարվեն. Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշենի աղբավայր
ОБЩЕСТВОԵրևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է Նուբարաշենի աղբավայր: Այստեղից քաղաքապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է այցի նպատակն ու այստեղ կատարվելիք աշխատանքները:
«Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ այցելում եմ այստեղ, ամեն կիրակի և հետևում եմ այն աշխատանքներին, որոնք կատարվում են։ Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով արդեն փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել և չվնասվել, ինչը մինչև այս տեղի էր ունենում:
Մեքենաները գալիս էին, և քանի որ աղբի վրայով էինք մեքենաները գալիս, քշում, միանգամից վնասվում էին, և այդ մեքենաների պակասի պատճառով էր նաև քաղաքում վատ աղբահանություն կատարվում»,-բացատրել է Հայկ Մարությանը:
Ըստ նրա՝ տարիներ շարունակ այս աղբավայրն աչքաթող արված է եղել: Մարությանն ասաց նաև, որ ինքն ամեն շաբաթ գալու է, ստուգելու է, որպեսզի աշխատանքները պատշաճ կատարվեն, ապա հավելեց, որ համապատասխան հանձնարարականներ է տվել: «Պարբերաբար ստուգումներ են լինելու, որ աշխատանքները պատշաճ կատարվեն»,-նշեց նա:



