Սեյրան Օհանյանի հետ հանդիպումներ ունենում ենք, բայց ընտրություններին մասնակցելու ցանկություն չի հայտնել. Ռազմիկ Պետրոսյան
ПОЛИТИКА«Ազատամարտիկների դաշինքը» դեռ որևէ քաղաքական ուժի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության վերաբեյալ կոնսուլտացիաներ չի իրականացրել,առաջիկայում պարզ կլինի՝ մասնակցելո՞ւ ենք ընտրություններին և եթե այո, ապա ինչ ձևաչափով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքը»-ի վարչության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
«Դեռ տեսնենք՝ որ քաղաքական ուժերն են հանդես գալիս, ծրագրերը որն է: Ընտրությունների մասնակցությունը կարող է լինել կամ դաշինքից անհատների մասնակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ, կամ դաշինքի միասնական տեսքով: Երբ որ կզգանք, որ որևէ քաղաքական ուժի հետ անելիքներ ունենք, անպայման կառաջադրվենք»,-նշեց նա:
Անդրադառանալով հարցին՝ արդյոք Սեյրան Օհանյանի հետ իրենց շփումներ շարունակվո՞ւմ են, գուցե միասին կրկին մասնակցեն, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրություններին, Ռազմիկ Պետրոսյանն ասաց.
«Հանդիպումներ ունենում ենք, տարբեր թեմաներով խոսում ենք, բայց ընտրությունների մասնակցության վերաբերյալ՝ ոչ, ինքը մասնակցության ցանկություն չի հայտնել»,-շեշտեց Ռազմիկ Պետրոսյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք արտախորհրդարանական ուժերը մինչև դեկտեմբեր կհասցնե՞ն նախապատրաստվել ընտրություններին, եթե որոշեն մասնակցել, Ռազմիկ Պետրոսյանն ասաց.
«Քաղաքական ուժերը պետք է լինեն մշտական քաղաքական պրոցեսների մեջ, եթե ունեն հեղինակություն, ժողովուրդն իրենց ճանաչում է, խնդիրներ չեն լինի: Քաղաքական ուժերը հեղափոխությունից հետո արտահերթ ընտրությունների ցանկացած պահի պիտի պատրաստ լինեին»,-նկատեց ազատամարտիկը:
Ռազմիկ Պետրոսյանը կարծում է, որ վերջին ներքաղաքական զարգացումները ևս ցույց տվեցին՝ժողովուրդն իր ուժը հասկացել է և կրկին հաղթեց` հանգեցնելով Փաշինյան-Ծառուկյան հուշագրի ստորագրմանը:
«Հակահեղափոխություն չէր կարող լինել, եթե ժողովուրդը կանգնած էր: Շատ ավելի լավ եղավ, որ քաղաքական ուժերի առաջնորդները զգացին ժողովրդի կամքը: Հետհեղափոխական շրջանում արվում են քայլեր, որոնք հավատ են ներշնչում: Մինչ հեղափոխությունը ընդդիմությունը խնդիրներ էր դնում, հիմա քայլ առ քայլ այդ խնդիրները լուծվում են: Իհարկե, շատ է խոսվում, որ տնտեսությունն, այնուամենայնիվ, ակտիվ չէ, ներդրումներ չկան: Բայց իշխանությունները պատճառաբանում են, որ քանի դեռ ընտրություններ չեն եղել, ներդրումներ չեն լինելու, քաղաքական ճգնաժամ է, օրենսդիր իշխանությունը իրենց ձեռքին չէ: Տնտեսության, երկրի զարգացման ամենամեծ երաշխավորը լինելու է այն քաղաքական ուժը, որն ընտրությամբ իշխանության է գալու: Ընտրություններից հետո հետահեղափոխական տրամադրություններից պիտի անցել կոնկրետ գործի»,-մանրամասնեց նա:
Խոսելով այն մասին, թե որոնք է համարում իշխանությունների համար առաջին մարտահրավերը, որը պիտի լուծել ընտրություններից հետո, Ռազմիկ Պետրոսյանն ասաց.
«Հեղափոխության վերջնական հաղթանակից հետո կառավարության կազմում պետք է լինեն մարդիկ, ովքեր մասնագետ են, ոչ միայն տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչներ պետք է լինեն, այլ ամբողջ ուժերը պիտի ներգրավել: Ամեն մարդ պիտի իր տեղում լինի, այդ դեպքում կունենանք հաջողություն և կարճ ժամանակում մեր երկիրը դուրս կգա այս վիճակից»,-եզրափակեց նա:



