Ազնավուրը հայ ժողովրդի մեծագույն որդին է, որը պատկանում է ողջ աշխարհին. Վլադիմիր Սոլովյով
ОБЩЕСТВОՀայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, ինչպես և ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստի միլիոնավոր երկրպագուներ, նրա մահն ընդունել է որպես մեծ կորուստ:
«Կարելի է ասել, որ հեռացել է մի ամբողջ դարաշրջան: Հեռացել է հայ ժողովրդի մեծ որդին, որը պատկանում էր ողջ աշխարհին: Հեռացել է մի մարդ, որը բարձր պահած տանում էր իր հայրենիքի պատմությունը, սերն ու մշակույթը, և այդ հայրենիքը նաև Ֆրանսիան է, սակայն առաջին հերթին՝ Հայաստանը: Մարդ, որը երբեք չի մոռացել հայ ժողովրդի սարսափելի աղետի մասին և իր հանճարն ու ազդեցությունն օգտագործել է, որպեսզի ողջ աշխարհը նույնպես չհամարձակվի մոռանալ», - РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է Սոլովյովը:
Վերջինիս խոսքով՝ Ազնավուրը խորաթափանց մարդ էր, իսկ նրա երգերը բազմաթիվ սերունդների ստիպել են արտասվել և գիտակցել կապվածությունը հոգու ամենաբարձր էությանը:«Նրա սիրո երգերը հավերժ համաշխարհային դասական են: Շառլ Ազնավուրը տիեզերք է, և այժմ այդ տիեզերքը մեզ հետ է մնացել, սակայն առանց իր կերտողի: Իսկ նրա երգերը կապրեն հավերժ», - հավելել է հեռուստահաղորդավարը:



