ԱՄՆ-ն Թուրքիայի հետ խոսում է սպառնալիքների և շանտաժի լեզվով. Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան բավականաչափ ուժեղ է և չի ենթարկվի շանտաժի և սպառնալիքների, որոնք երկրի նկատմամբ օգտագործում է ԱՄՆ-ն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ-ն բռնել է առկա խնդիրների լուծման սխալ ճանապարհ՝ ոչ բանակցությունների ճանապարհով, այլ շանտաժի և սպառնալիքների լեզվով: Բայց մեր տնտեսությունը բավականաչափ ուժեղ է, որ չենթարկվի սպառնալիքներին և հարձակումներին: Մեզ անհանգստացնում է այն, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը թիրախավորել է մեր երկիրը առանց որևէ տրամաբանության և առանց ռազմավարական հավասարակշռությունը հաշվի առնելու: ԱՄՆ-ն Սիրիայի հարցում հաշվի չի նստում մեզ հետ և շարունակում է համագործակցել ահաբեկչական կազմակերպությունների հետ: ԱՄՆ-ն այդ բացասական մոտեցումը բերում է նաև տնտեսական հարթություն»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների առաջ:
Էրդողանը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ կփոխի իր դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Նրա խոսքով՝ չնայած ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրներին՝ Վաշինգտոնը կանի կարևոր և ճիշտ ընտրություն: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ հենց առևտրային հարաբերությունները կբերեն հարաբերությունների բարելավման:
Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները վերջին ժամակներս վատթարացել են, այդ թվում նաև դեռ 2016 թվականին թուրքական իշխանությունների կողմից ձերբակալված ամերիկացի հոգևարական Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուի դեմ՝ նրանց մեղադրելով «մարդու իրավունքների լուրջ խախտումների» համար:
Այնուհետև ԱՄՆ-ն կրկնակի բարձրացրել է Թուրքիայից պողպատի և ալյումինի մաքսատուրքերը, ինչին ի պատասխան Անկարան էլ բարձրացրել է 22 տեսակի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը:



