Այսօր ժամանակի հրամայականն է, որ հեղափոխության ուժերը հենց ՔՊ-ի ներսում ու նրա շուրջ համախմբվեն. Ա. Միրզոյան
ПОЛИТИКАՀՀ առաջին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը համոզված է, որ «Իմ քայլը» դաշինքը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է դիտարկել որպես մեկ կուսակցություն՝ դասական իմաստով:
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է փոխվարչապետը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակին:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխության կուսակցությունն է, և այստեղ պետք է ներգրավվեն այդ արժեքային համակարգի կրող ու տարիներ շարունակ այս ամեն ինչի համար պայքարող զանազան մարդիկ, ովքեր գուցե մոտ ապագայում կամ ոչ այնքան մոտ ապագայում կկարողանան առանձին քաղաքական ուժեր ձևավորել։
Այսօր ժամանակի պահանջն ու հրամայականն այն է, որ հեղափոխության ուժերը հենց «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ու նրա շուրջ համախմբվեն»,- նշել է Արարատ Միրզոյանը:



