Իսրայելցի օդաչուները միտումնավոր են թաքնվել ռուսական օդանավի հետևում. ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն օրեր առաջ Սիրիայի օդային տարածքում ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման համար մեղավոր է համարում Իսրայելի զինված օդուժին:
Ինչպես նշում է ria.ru-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Ներկայացված օբյեկտիվ տվյալները փաստում են, որ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած իսրայելցի օդաչուները կա՛մ պրոֆեսիոնալ չեն, կա՛մ առնվազն հանցավոր անտարբերություն են դրսևորել»,-ասել է ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ:
ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ F-16 կործանիչների իսրայելցի օդաչուները միտումնավոր են սիրիական զենիթային հրթիռներից թաքնվել ռուսական Իլ-20-ի հետևում:
Կոնաշենկովն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում իսրայելցի օդաչուները չէին կարող չգիտակցել, որ սիրիացիների արձակած զենիթային հրթիռի թիրախում ավելի շուտ կհայտնվի Իլ-20-ը:
Նա հավելել է, որ Իլ-20-ի կործանման օրն իսրայելական օդուժը մոլորության մեջ է գցել ռուսական կողմին՝ նախապես տեղեկացնելով, որ իրենք պատրաստվում են մի քանի թիրախ խոցել Սիրիայի հյուսիսում:
«Ինչպես տեսնում եք քարտեզին, իսրայելական ավիացիայի հարվածները հասցվել են ոչ թե հյուսիսային, այլ արևմտյան Լաթաքիայի հատվածում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Իլ-20-ը կործանվել է «Հմեյմիմ» ավիաբազա վերադառնալու ճանապարհին՝ սիրիական С-200 հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռից:



