Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտի կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու գործողությունից. ՀԼԱ
ПОЛИТИКА2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
Այս մասին ասված է Հանրային լրագրության ակումբ ՀԿ նախագահ Սեդա Մուրադյանի հայտարարության մեջ:
««Հանրային լրագրության» ակումբը խստորեն դատապարտում է այս միջադեպը՝ այն համարելով անընդունելի, ոչ պատշաճ, ինչի հետևանքով խոչընդոտվել է Մեդիա կենտրոն ակումբի բնականոն գործունեությունը։ Այս միջամտության պատճառով ասուլիսն, ի վերջո, ընդհատվել է։
Միջոցառման բանախոսները դիմել են իրավապահ մարմիններին, որոնք ժամանել են Մեդիա կենտրոն և հաղորդումներ վերցրել։
Մենք հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու յուրաքանչյուր տիպի գործողությունից և հարգել լրագրողական գործունեություն իրականացնելու իրավունքը»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ այսօր «Մեդիա կենտրոնում» «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում էր իր կողմից քարոզարշավի ընթացքում իրականացված մեդիամոնիտորինգի արդյունքները:
Ասուլիսին ներկա էին «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը և Վիկտորյա Անդրեասյանը:
Ասուլիսն ընդմիջվեց, երբ իր աջակիցների հետ «Մեդիա կենտրոն» ժամանեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Վերջինս դժգոհում էր, թե «Անկախ դիտորդի» անդամները ԲՀԿ-ի հասցեին «անհիմն մեղադրանքներ» են հնչեցնում:



