Արմավիրից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված փոքրիկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
ОБЩЕСТВОԱրմավիրից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված և կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Առողջական խնդիրներով ծնված երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում` կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ։
Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Նույն օրը` կրկին սուր աղիքային վարակի կասկածով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք հոսպիտալացված 2 երեխաների վիճակը գնահատվում է լավ, առկա է էական դրական տեղաշարժ: Անհրաժեշտ կրկնակի հետազոտություններից հետո երեխաները պատրաստվում են դուրս գրման:
Արմավիրում մարզային կառույցների հետ շարունակում են աշխատանքը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Սահմանվել է ջրի հսկողություն, շեղումներ չեն արձանագրվել: Վաղ առավոտյան կրկին Արմավիրում էր նաև ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի գլխավորած մասնագիտական խումբը:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանվել է ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով:



