Ռուսաստանը ռմբակոծում է Իդլիբը՝ «անտեսելով» Թրամփի նախազգուշացումը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերը մասնակցում են սիրիական Իդլիբ նահանգի դեմ թիրախային ռմբակոծմանը, ինչն արվում է նահանգն ընդդիմադիրներից ազատագրելու նպատակով:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, տվյալ հարձակումը նախապատրաստվում էր նախապես, քանի որ երկրի այլ հատվածներից Իդլիբ են ներթափանացել գրոհայիններ:
Հատկանշական է, որ ռմբակոծումից ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ու նրա դաշնակիցներ Ռուսաստանին ու Իրանին զերծ մնալ ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի դեմ «անխոհեմ» հարձակում գործելուց:
Թրամփն ընդգծել էր, որ հարձակման հետևանքով կարող են հարյուր հազարավոր մարդիկ զոհվել:
«Ռուսներն ու իրանցիները սոսկալի մարդասիրական սխալ կգործեն, եթե մասնակցեն հավանական մարդկային ողբերգությանը:Հարյուր հազարավոր մարդիկ կարող են սպանվել: Թույլ մի՛ տվեք, որ դա տեղի ունենա»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է նախագահը:
Մինչդեռ քաջատեղյակ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Ասադը նախապատրաստվում է Իդլիբի ազատագրմանն ուղղված փուլային հարձակմանը:
Հայտնի է, որ հյուսիսային Իդլիբ շրջանն ու դրա հարակից տարածքներն ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ գտնվող վերջին խոշոր անկլավն են, որտեղ կա մոտ 3 մլն բնակիչ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրերս հայտարարել էր, որ պաշտոնական Վաշինգտոնն Իդլիբի դեմ հավանական հարձակումը դիտարկում է որպես սիրիական պատերազմի թեժացում: Նա նաև նախազգուշացրել է պաշտոնական Դամասկոսին զերծ մնալ քիմիական զենքի կիրառումից։



