Արթուր Հարությունյանը` (Պալաչը) «երկրորդ» Արթուր Հարությունյանի մասին. «Նա շնչավոր առարկա է»
ПОЛИТИКАՄայիսի 30-ին տեղի ունեցավ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի հանրահավաք-երթը, որին հաջորդեց նաև համերգ, տեղեկացնում է Past.am-ը:
Մեզ հետ զրույցում թեկնածուն նշեց, որ փորձում են ներկայանալ համաքաղաքացիներին ծրագրով: «Արդեն պաշտոնապես հայտարարվել է, թե որ թեկնածուն որ համարի տակ է հանդես գալու: Հանրահավքի և համերգի ժամանակ ևս մեկ անգամ կհրապարակվի թիվը, որի տակ հանդես եմ գալու: Այս քայլին ենք դիմում, որպեսզի ինձ քվե տվող մարդկանց մոտ շփոթություն չառաջանա, քանի որ իմ անուն ազգանունով ևս մի անձ է հայտնվել»,- շեշտեց Արթուր Հարությունյանը:
Հարությունյանը վստահ է իր հաղթանակի հանդեպ և այն համոզմունքն ունի, որ քաղաքացիների զգալի մասը կիսում է իր գաղափարները: Ըստ նրա՝ հակառակորդները հույսը դնում են ընտրակեղծիքների վրա՝ կաշառելով հանձնաժողովների անդամներին եւ մնացածներին: «Ասեմ, որ դա իրենց մոտ չի ստացվի: Ընտրակեղծիք անողների թաթիկները կկոտրենք»,- հավելեց Ա.Հարությունյանը:
Past.am-ի հարցին՝ ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ Արթուր Հարությունյան անուն-ազգանունով մյուս թեկնածուի հետ կապ չեն կարողանում հաստատել լրագրողները, նույնիսկ բարեկամները և նա խուսափում է ընտրողների հետ շփումներից, Հարությունյանն ասաց. «Նա շնչավոր առարկա է, նրանց ուղղակի պետք էր այդ մարդու անուն, ազգանունը: Իրենց պետք չի, որ դուք գտնեք այդ մարդուն, եթե պետք լիներ` կգտնեիք, հավատացնում եմ»:
Ա. Հարությունյանի դիտարկմամբ՝ իր մրցակիցներից ոմանք հասկանում են իրենց պարտությունը և Աբովյանի բակային հանդիպումներում իրենց հետ տանում են նաև ոչ աբովյանցիների:
Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին: Քաղաքապետի աթոռի համար պայքարում են Էդվին Թադևոսյանը, երկու Արթուր Հարությունյանները, Վահագն Գևորգյանը և նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն այս ընտրություններում սատարում են Վահագն Գևորգյանին, ում նաև աջակցում է Գագիկ Ծառուկյանը:



