ՀՀ-ում գործել է գործի տեղավորելու ավանդույթը, իսկ մենք ցանկանում ենք փոխել այս տրամաբանությունը. Ն. Փաշինյան
ПОЛИТИКАԵս վախենում եմ հիասթափեցնել մարդկանց: Այսօր «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողությանը նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչից է նա վախենում:
Սակայն, վարչապետը շեշտեց, որ այդ վախը ոչ թե ստիպում է նահանջել, կծկվել կամ թաքնվել, այլ ստիպում է առաջ գնալ ու ամեն օրվան վերաբերել ավելի պատասխանատու:
« «Իմ վախ»-ը հոդվածը, որը գրել էի Արթիկի քրեակատարողականում, ավարտվում է հետևյալ կերպ՝ չվախենաք՝ չեմ հիասթափեցնի»,- շարունակեց Փաշինյանը:
ՌԴ քաղաքացի 19-ամյա Լալա Նավոյանն էլ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում հայրենադարձներին աշխատանքով ապահովվելու համար: Աղջիկը պատմեց, որ ինքը ՌԴ-ում և՛ սովորում, և՛ աշխատում է, բայց ցանկանում է վերադառնալ Հայաստան:
Ի պատասխան նրա՝ վարչապետն ասաց, որ ՀՀ-ում բավականին բարձր գործազրկության մակարդակ կա, սակայն շեշտեց, որ ՀՀ-ում նաև կան բավականին թափուր աշխատատեղեր:
«Դուք ասացիք, որ իրավաբան եք, իսկ փաստաբանը ՀՀ-ում կունենա աշխատանք, կարիք չի լինի, որ կառավարությունը որևէ մեկին աշխատանքով ապահովի: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում կառավարման համակարգն ուռճացված է, այսինքն՝ պետական կառավարման համակարգում աշխատում են շատ ավելի մեծ թվով մարդիկ, քան անհրաժեշտ է:
Ինչո՞ւ, որովհետև մինչ այսօր ՀՀ-ում գործել է գործի տեղավորելու ավանդույթը, իսկ մենք ցանկանում ենք այս տրամաբանությունը փոխել: Մենք ուզում ենք մարդկանց օգնել ոչ թե գործի տեղավորելով, այլ ուղղորդենք նրանով, որ ՀՀ-ում կան թափուր աշխատատեղեր: Ձեր ոլորտի համար էլ ասեմ, որ այսօր աշխատումենք երաշխավորել անկախ դատական համակարգը, որ փաստաբանները փաստարկներով կարողանան աշխատել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:



