Մեկ տարում մարզիկների թիվը ավելացել է 1000–ով. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
2017 թ. Հայաստանում մարզիկների թվաքանակը կազմել էր 42 հազար 761, իսկ 2016 թ.՝ 41 հազար 738: Սա ըստ Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված վիճակագրական տվյալների: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում մարզիկների թվաքանակն ավելացել է 1023– ով:
Ըստ սպորտային կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2017թ. հանրապետությունում գործել է 174 սպորտային կազմակերպություն: Ի դեպ, նույնքան կազմակերպություն է գործել նաև 2016 թ.: Երևան քաղաքում գործող սպորտային կազմակերպություններից 11–ը գտնվել են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, 2–ը` կրթության և գիտության նախարարության, 37–ը` Երևանի քաղաքապետարանի, 3–ը` վարչական շրջանների, 6– ը` «Հայաստան» մարզական միության և 2–ը` «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության ենթակայության տակ:
Սպորտային կազմակերպությունների մեծամասնությունը գտնվում է մայրաքաղաքում, այն է՝ 61: Սպորտային կազմակերպություների մեծությամբ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Շիրակի և Լոռու մարզերը՝ համապատասխանաբար 35 և 20: Ընդ որում, Տավուշի մարզից բացի մյուս բոլոր մարզերի գյուղական համայնքներում առկա են օլիմպիական մարզաձևի սպորտային խմբակներ: Իսկ գյուղական համայնքներում գործող ոչ օլիմպիական մարզաձևի սպորտային խմբակներ կան միայն Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերում:
Մարզիկների թվի ավելացմանը զուգահեռ նախորդ տարի աճել է նաև մարզիչ–մանկավարժների թիվը: Այսպես, եթե 2016 թ. Հայաստանում կար 1976, ապա նախորդ տարի արդեն՝ 2015 մարզիչ–մանկավարժ: Ընդ որում մարզիչների մեջ շատ փոքր թիվ են կազմում կանայք: Տղամարդիկ այս ոլորտում գերակշռում են: 2015 մարզիչներից միայն 299–ն են իգական սեռի:
2017 թ. ունեցած վիճակագրության համաձայն՝ Հայաստանում նախորդ տարի գործել է 3152 սպորտային խմբակ օլիմպիական մարզաձևերի համար: Ոչ օլիմպիական մարզաձևերի խմբակների թիվն էլ կազմել է 637: Ընդ որում, վերջինի դեպքում գերակշռել են շախմատի խմբակները, այն է՝ 367: Օլիմպիական մարզաձևերի մեջ էլ գերակշռում են ազատ ոճի ըմբշամարտի խմբակները, դրանք թվով 415 են: Այնուհետև մեծ թիվ են կազմում հունահռոմեական ըմբշամարտի խմբակները՝ 376:
Ոչ օլիմպիական մարզաձևի սպորտային խմբակների մեջ Հայաստանում կան նաև կոխի խմբեր, որոնք հինգն են: Փոքրաթիվ են նաև գոլֆի, գեղասահքի, տափօղակով հոկեյի խմբակները: Հետաքրքիր է նաև, որ Հայաստանում գործող գեղասահքի խմբակներն ունեն 47 սան, որոնք բոլորն էլ արական սեռի են: Իսկ շախմատի ասպարեզում գործող 4855 մարզիկներից 1207–ը աղջիկներ են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



