Ոստիկանությունը գտել է «Նիվա»-ով շների քարշ տալու տեսանյութում երեւացող անձին (ֆոտո)
ОБЩЕСТВОՀուլիսի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի-Այգուտ ճանապարհով անհայտ անձը առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով երկու շների է քարշ տալիս։
Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութում երեւացող անձը Այգուտ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Դավիթ Լազարյանն է, իսկ առանց պետհամարանիշի «Նիվա»-ն պատկանում է իրեն, վարում էր անձամբ։
Դեպքի առթիվ «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության անդամ Գոհար Մանուչարյանից վերցվել է դիմում։ Դավիթ Լազարյանը հրավիրվել է ոստիկանության Ճամբարակի բաժին։ Բաժին է բերվել նաեւ նրա «Նիվա»-ն, ինչի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 4-րդ սպայական վաշտի հրամանատարին՝ տրանսպորտային միջոցի հետ կապված հարցի հետագա ընթացքը լուծելու համար։
«Դինգո թիմ» հ/կ-ի կամավորների կողմից Դավիթ Լազարյանին պատկանող անասնագոմում հայտնաբերվել են շները։
Դեպքի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։




