Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է դաշնակիցների կորստով՝ ի դեմս Թուրքիայի
МЕЖДУНАРОДНОЕՀնարավոր է՝ Միացյալ Նահանգները կորցնի «անկեղծ» դաշնակցից, եթե Վաշինգթոնը չփոխի Անկարայի նկատմամբ իր վերաբերմունքը: Այս մասին կիրակի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV-ն:
«Մենք ԱՄՆ-ին կապանքված չենք, նա չպետք է մոռանա, որ եթե իր վերաբերմունքը չփոխի, ի դեմս Թուրքիայի կկորցնի հզոր եւ անկեղծ դաշնակցի»,- ասել է նա՝ մեկնաբանելով Վաշինգթոնի հայտարարությունները ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի դատական գործի վերաբերյալ:
Էրդողանի խոսքով՝ Անկարան «Բրանսոնի հարցով երբեք առեւտուր չի արել», «Թուրքիան չի նահանջի պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքի պատճառով»: Նա այս հարցով ԱՄՆ պաշտոնական մեկնաբանությունները «հոգեբանական պատերազմ» է անվանել:
Բողոքական պաստոր Էնդրյու Բրանսոնին, որն ապրում է Իզմիրի շրջանում, կալանավորել են 2017 թվականին՝ Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության եւ մուսուլման քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդների FETO շարժման հետ կապերի մեղադրանքով: Այս տարվա մայիսի 7-ին Բրանսոնը կանգնել է թուրքական դատարանի առաջ եւ հերքել ահաբեկչական գործունեության ու լրտեսության բոլոր մեղադրանքները, հուլիսի 25-ից նա տնային կալանքի տակ է: Դատախազությունը նրա համար պահանջում է 35 տարվա ազատազրկում:
Թրամփը հայտարարել է, թե սպասում է պաստորի վերադարձին ԱՄՆ եւ Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով, եթե դա տեղի չունենա:



