Կարևոր չէ դերասան կամ ինժեներ լինելը, կարևորն ընտրման չափանիշներն են. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի ավագանու, այն է` քաղաքապետի անուղղակի ընտրությունները լրջագույն փորձաքար են դառնալու Հայաստանում կատարված գործընթացների, եթե շատ եք ուզում` հեղափոխության համար: Ըստ էության, այս ընտրությունները լինելու են ոչ միայն նախավարժանք խորհրդարանական ընտրություններից առաջ, այլև ցույց են տալու այն ուղղությունը, որով ընթանալու են հետագա զարգացումները:
Հենց այս տեսանկյունից է, որ առաջ է գալիս քաղաքապետի թեկնածուի ընտրության ընդհանուր սկզբունքներն ու չափորոշիչները: Ինչպես արդեն հայտնի է, ՔՊ վարչության նիստում ինքնառաջադրվել է 4 թեկնածու` Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը, սակայն, ինչպես նշվում է, այս ցանկը դեռ վերջնական չէ և կարող են լինել նաև այլ թեկնածուներ:
Թեկնածուներից վարչությունը կընտրի մեկին, որն էլ կգլխավորի ցուցակը: Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ ՀԱԿ կուսակցությունում նույնպես կողմնորոշվել են և ՀԱԿ ցուցակը գլխավորելու է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Մյուս կուսակցություններում նույնպես հնչում են տարբեր թեկնածուների անուններ, որոնք, սակայն, դեռևս հաստատված չեն:
Ըստ էության, առաջիկայում բոլոր թեկնածուների անուններն էլ հայտնի կդառնան հանրությանը, սակայն այդ անունների մասին չէ, որ կցանկանայինք խոսել:
Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական և ոչ միայն քաղաքական կարևորությունը դժվար է թերագնահատել, ուստի այս տեսանկյունից թեկնածուների անուններից շատ ավելի էական ու առանցքային են այն սկզբունքները, որոնցով ընտրվելու են քաղաքապետի թեկնածուները: Այսօր տարբեր հարթակներում քննադատություն է հնչում, օրինակ, Հայկ Մարությանի թեկնածության վերաբերյալ: Այս քննադատության ելակետը միայն Մարությանի զբաղմունքն է, նույնիսկ ոչ թե մասնագիտությունը, քանի որ Մարությանը մասնագիտությամբ ինժեներ է: Կարծում ենք` միայն այս մոտեցմամբ գնահատական տալ այս կամ այն թեկնածուի ընդունելի կամ ոչ ընդունելի լինելուն, բավական պարզունակ է, քանի որ նույն հաջողությամբ կարելի է ասել, թե ինչպես կարող է մասնագիտությամբ ուսուցիչը, ֆիզիկոսը, բանասերը կամ պատմաբանը լինել քաղաքապետ, նախարար կամ վարչապետ:
Սակայն հենց այստեղից է բխում այն հարցը, թե ինչպիսի սկզբունքներով են ընտրվելու թեկնածուները, ի՞նչ չափանիշների և չափորոշիչների պետք է նրանք համապատասխանեն, ի՞նչ պատկերացումներ ունեն Երևանի կառավարման, զարգացման ու կազմակերպման խնդիրների շուրջ, վերջապես ինչքանո՞վ են հաղորդակից Երևանի հիմնախնդիրների արմատներին: Ի վերջո, Երևանը բազմաթիվ հասարակական, տնտեսական, քաղաքական ու սոցիալական շերտերի ամբողջություն է` իր բարդագույն խնդիրներով` սկսած երթևեկությունից, վերջացրած քաղաքային միջավայրով ու կոլորիտով: Հենց սա է կարևորագույն խնդիրը, որի շուրջ պետք է խորհեն ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները: Այս իրավիճակում, գուցե և թափանցիկության օրինակ է կուսակցության ներսում թեկնածուների ինքնառաջադրումն ու այնուհետև ընտրությունը, սակայն միևնույն ժամանակ դա նաև տարօրինակ է, քանի որ կարծես թե ցանկացած մեկը կարող է ինքնառաջադրվել և անհրաժեշտ քանակությամբ համակիրների բանակ ունենալով կուսակցության ներսում, դառնալ թեկնածու և, հնարավոր է, քաղաքապետ:
Արդյոք միայն սեփական կուսակցության ներսում համակիրների քանակը բավարա՞ր է Երևանի քաղաքապետ լինելու համար, ի վերջո, վերջինս լինելու է ոչ թե կուսակցության ներկայացուցիչ պաշտոնյա, այլ խոշոր վարչատարածքային միավորի, կարելի է ասել, Հայաստանի մեկ երրորդի ղեկավարը, ինչը պարզապես նշանակում է, որ քաղաքապետի անձը պետք է ընտրվի առնվազն վերկուսակցական սկզբունքներով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



