Երևանի նոր քաղաքապետը պետք է ընտրվի ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում․ քաղաքապետի արտահերթ ընտրությունների կարգը
ОБЩЕСТВО«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:
Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։
Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:
Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով, այսինքն՝ քվեարկում են ավագանու անդամները։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները:Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Հոդված 47-ը սահմանում է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին։ Վերջին շաբաթների ընթացքում Երևանի քաղաքապետարանի մոտ անցկացվում էին բողոքի ակցիաներ՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով:
Երևանում ավագանու վերջին ընտրությունն անցկացվել է 2017 թվականի մայիսին: Առավելագույն ձայներով Տարոն Մարգարյանը դարձել էր Երևանի քաղաքապետ:



