Ինչ նպատակով են Հայաստան այցելելու ԱՄՆ կոնգրեսականները. պարզաբանում է Սուրեն Սարգսյանը
ПОЛИТИКАԱՄՆ կոնգրեսականների առաջիկա այցը վկայությունն է Միացյալ Նահանգների հետ Հայաստանի բարձր հարաբերությունների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Վերջինս հիշեցրեց, որ անցյալ տարի էլ ԱՄՆ կոնգրեսականներն այցելել էին Հայաստան, նման այցերը շարունակական բնույթ ունեն: «Երկկողմ հարաբերությունների համար լրացուցիչ խթան են հանդիսանում նման այցերը: Կարծում եմ, որ դիվանագիտությունը պետք է ակտիվ լինի այս ուղղությամբ»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե ռուս փորձագետների մակարդակով բազմիցս մտահոգություններ են ներկայացվում, որ ԱՄՆ-ն հետաքրքրած է Հայաստանի էներգետիկ ոլորտով, Նահանգները ուզում են կտրել Հայաստանին ռուսական կախումից, Սուրեն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Հայաստանի շուկան շատ մեծ չէ էներգետիկ ոլորտի համար, որպեսզի արտահանում կազմակերպվի:Հայաստանը չի կարող էներգետիկա արտահանել Թուրքիա, որովհետև սահմանը փակ է, չի կարող արտահանել Ադրբեջան, չի կարող արտահանել նաև մյուս հնարավոր շուկան՝ Իրանը, որովհետև այն ամերիկյան պատժամիջոցների տակ է: Մնում է միայն Վրաստանը, որն էլ ակտիվ աշխատում է էներգետիկ անկախության ուղղությամբ: Այնպես որ, դժվար է ասել՝ բացի ներքին սպառումից մենք արդյո՞ք կկարողանանք արտահանել»:
Նա ասաց, որ ՌԴ հետ ՀՀ համագործակցությունը ռազմավարական նշանակության է բոլոր ուղղություններով, բայց ԱՄՆ ու ԵՄ հետ ևս պետք է խորը հարաբերություններ լինեն:
«Մեկը մյուսի հաշվին չպետք է դիտարկել, հակակշռել, փոխլրացված պետք է լինի: Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը, իսկ այդ քայլերը կատարվում են, ինչի արդյունքում էլ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ակտիվ համագործակցում է ԵՄ հետ, լինելով ՀԱՊԿ անդամ՝ խորը կապեր ունի ՆԱՏՕ-ի հետ»,- շեշտեց Սուրեն Սարգսյանը:



