Հետսահմանադրական կրքերը գիշերային կլկլոցներով «կտրենք». «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Հուլիսի 5–ը ՀՀ Սահմանադրության օրն էր և, ինչպես մնացած բոլոր տոների դեպքում է, ֆեյսբուքահայությունն այդ տոնական օրվան համահունչ փորձեց ինչ–որ կերպ «հիշատակում» անել: Ու եթե մի մասի համար դա ընդամենը հերթական ոչ աշխատանքային օրն էր ու հանգիստ խղճով կարող էին իրենց նվիրել ձմռան պաշար կուտակելուն, ապա ավելի ակտիվ օգտատերերը, «ինտելեկտուալները», օրենքին ավելի մոտ կանգնածներն ու Սահմանադրության կարևորությունից քիչ թե շատ հասկացողներն իրենց շնորհավորանքը «համեմում» էին երկրի հիմնական օրենքից որևէ հոդված մեջբերելով:
Անկեղծ ասած, այդ գրառումների բովանդակության ուսումնասիրման հարցն ամենից շատ պետք է որ հոգեբաններին և սոցիոլոգներին հետաքրքրած լիներ, այն տեսանկյունից, թե թավշյա հեղափոխությունից հետո այդ փաստաթղթի հանդեպ հասարակության վերաբերմունքն ու հասարակական ընկալումներն ինչ փոփոխության են ենթարկվել: Սակայն, պատկերացրեք, որ գրառումներն այնքան ստանդարտ էին, որ անգամ ոչ մասնագիտական աչքից չէր կարող վրիպել, թե հասարակությանը քիչ թե շատ հայտնի անձինք կոնկրետ ո՞ր դրույթն են ավելի կարևորում:
Առանց հստակ անուններ նշելու, միայն փաստենք, որ հիմնական հղումը սոցիալական ուղղվածություն ուներ, սակայն քիչ չէին նաև, օրինակ՝ հոդված 39–ին արված հղումները, որտեղ սահմանված է մարդու ազատ գործելու իրավունքը.
«Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»:
Անկեղծ ասած՝ այս հոդվածն ուշագրավ է այն առումով, որ Հայաստանում հիմնականում կիրառվում է առաջին նախադասության առաջին հատվածը միայն, իսկ մնացածի մասին հիմնականում հիշողներ չկան:
Եվ այս պարագայում, հասկանալի չէ, թե, օրինակ, ինչպես պետք է կարգի հրավիրել գիշերվա ժամը 2–ին կարմիր լույսի տակ կանգնած մեքենայի վարորդին, որտեղից մի քանի շենք հեռավորությամբ անգամ լսվում է «…. ախ, ափսոս չեմ կարող գտնել սրտիդ բանալին …» երգի տառապատանջ աղերսանքը:
Պարզ է, չէ՞, որ այս դեպքում նույնիսկ ոստիկաններին մեղադրել հնարավոր չէ, քանի որ յուրաքանչյուր խաչմերուկում ամեն կարմիր լույսի տակ կանգնող նման մեքենայի վարորդի պակաս չկա: Բայց հետաքրքիր է, թե գիշերվա կեսին նման երգի ելևէջներից դիվադադար եղած քաղաքացին ինչպե՞ս կարող է իր հանգստի իրավունքը պաշտպանել, առավել ևս, երբ դա չի խանգարում գիշերվա կեսին մեքենա քշելու վարորդի իրավունքին: Հիմա հարց՝ եթե նման դեպքերի համար օրենսդիրը հոդված չի նախատեսել, ուրեմն նման վարքագիծ դրսևորող վարորդը պարտականություններ չունի՞: Եթե այդպես է, ապա կեցցե Սահմանադրության նոր բովանդակությունը, որն ավելի շատ հիշեցնում է՝ «երբ, ինչ ուզեմ, այն էլ կարող եմ անել» եզրույթը, ոչ թե սահմանում, թե իրականում ինչ վարքագիծ պետք է ունենա 21–րդ դարի Հայաստանի բնակիչը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



