Գոնե ծննդյան ու մահվան դեպքում.... «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Երգչուհի Նադեժդա Սարգսյանի մահվան կապակցությամբ բազմաթիվ ցավակցությունների կողքին մի կարկառուն ՔՊ– ական ֆեյսբուքյան այնպիսի գրառում էր կատարել՝ հետագայում այն որակելով որպես «սև հումոր», որ զանգվածային վիրավորանքների ու հայհոյանքների տարափի ներքո ստիպված էր փակել իր ՖԲ էջը: Գրառումն իսկապես, մեղմ ասած, այլանդակություն էր, ու մեզ երբեք թույլ չենք տա մեջբերել այն: Սակայն իրականության մեջ, որքան էլ ցավալի է, այնքան էլ արտառոց չէր, որովհետև նման գրառումների պակաս չի եղել: Վերոնշյալ գրառման հետ կապված տեռորի հեղինակներից շատերը լռում կամ ծափահարում էին նրանց, ովքեր որևէ, ասենք, ՀՀԿ–ականի ծնողի մահվան կապակցությամբ գրում էին՝ լավ է եղել, տարոսը իրեն ու իր ընտանիքին և այլն, կամ երբ որևէ պաշտոնյա թոռ էր ունենում, անեծքներ էին գրում այդ անմեղ երեխայի հասցեին: Իհարեկ, այս դեպքում էլ վերջին հաշվով գրառումն ուղղված էր ՀՀԿ–ի ու մասնավորաբար Սերժ Սարգսյանի դեմ, բայց հարցն այն է, որ այսպիսի վիճակի համար մեղավորության բաժին ունենք յուրաքանչյուրս՝ մեր հանդուրժողականությամբ, մեր լայքասմայլիկային «դաբրոյով»: Ցավոք, հասարակական ընկալման մեջ չարության չափաբաժնի գերակշռումը թույլ չի տալիս հասկանալ, որ գոնե երկու հարցում պիտի չափազանց զգուշավոր լինենք: Խոսքը կյանքի երկու բևեռների մասին է՝ ծննդյան ու մահվան: Որքան էլ որևէ մեկին ատես, որքան էլ վատը լինի որևէ մեկը, մահը ցանկանալը սեփական սնանկության մասին է խոսում, նրա հարազատի մահվան առումով զվարճանալն ու «տարոս» մաղթելը սեփական մտավոր հետամնացության ու հոգու դատարկության մասին է խոսքը: Այդպիսիններն ավելի լավը չեն, քան նրանք, ում հետ կապված այդպես են վարվում: Իսկ անմեղ երեխաների ծննդյան առումով չարությամբ լեցուն գրառումներն ուղղակի անցնում են բարոյականության բոլոր սահմանները: Ծնունդը Աստծո պարգևն է: Իսկ մահը... Դրանից դեռ ոչ ոք չի խուսափել, ո՛չ մեղավորները, ո՛չ անմեղները, ոչ էլ անմեղ երևացողները:
Վերադառնալով վերոնշյալ գրառմանը, ուղղակի մի խորհուրդ բոլորին, ովքեր իրենց շեֆերի նկարներն արդեն ոչ թե կաբինետների, այլ ֆեյսբուքի պատերից են կախում ու աստվածացնում. հիշեք՝ ձեր ցանկացած բլթոց, ցանկացած անհեթեթություն ուղիղ գծով հարվածում է ձեր իսկ շեֆերին:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



