Հնդկաստանում ամբոխը 5 մարդու է ինքնադատաստանի ենթարկել
ОБЩЕСТВО
Արեւմտյան Հնդկաստանում ոստիկանությունը 23 մարդ է ձերբակալել, որոնք մասնակցել են 5 անձի ինքնադատաստանին. տղամարդկանց կասկածել են երեխաների առեւանգման մեջ: Վերջերս Հնդկաստանում սոցիալական ցանցերի միջոցով լուրեր են տարածվել երեխաների առեւանգման մասին, ինչն ինքնադատաստանի պատճառ է դարձել տասնյակ մարդկանց նկատմամբ, փոխանցում է AP-ն:
Վերջին միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջին Մահարաշտրա նահանգի հեռավոր լեռնային գյուղում: Գյուղի բնակիչները հարձակվել են տղամարդկանց վրա, երբ նրանցից մեկը տեղական շուկայում փորձել է խոսել երեխայի հետ: Նրանք փայտերով եւ քարերով ծեծի են ենթարկել տղամարդուն, ինչը հանգեցրել է վերջինիս մահվան:
Ոստիկանությունը ձերբակալել է 40 տղամարդուց 23-ին, որոնք մեղադրվում են տղամարդու սպանության համար: Ոստիկանության տվյալներով՝ արդեն մի քանի օր է, ինչ գյուղը սարսափի մեջ է՝ WhatsApp-ի միջոցով երեխաների առեւանգման մասին տարածվող լուրերի պատճառով:
Նույն նահանգի մեկ այլ գյուղում ոստիկանությանը հաջողվել է հինգ անձից բաղկացած մի ընտանիք փրկել, այդ թվում՝ 2 տարեկան երեխայի, որը նույնպես կարող էր մոլագար ամբոխի զոհ դառնալ: Նահանգի արդարադատության նախարար Դիպաք Քեսարքարը դիմել է հանրությանը՝ կոչ անելով չհավատալ սոցիալական ցանցերում տարածվող լուրերին: «Ոչ ոք չպետք է օրենքն իր ձեռքը վերցնի»,- ասել է նա լրագրողներին:
Չնայած նրան, որ իշխանությունները հայտարարել են լուրերի անհիմն լինելու եւ սոցիալական ցանցերում տարածված՝ Պակիստանում նկարահանված տեսանյութերի կեղծ լինելու մասին, այնուամենայնիվ, մայիսից ի վեր դաժան ինքնադատաստանի զոհ է դարձել առնվազն 20 մարդ:



