Հավաքած դրամը հետ են վերադարձրել, իսկ Լևոն Մկրտչյանի բանավոր կարգադրությունը դեռ չի «ջրվել»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթն իր մայիսի 26-ի համարում անդրադարձել էր Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանի խմբերից մեկում կազմակերպված դրամահավաքին: Ահազանգողն ասել էր, որ ուսումնարանի իրենց վարպետն ասել էր աշակերտներին, որ եթե շաբաթական 1000 դրամ գումարը չբերեն, ապա կհեռացվեն ուսումնարանից: Ուսումնարանի տնօրեն Սոնա Գրիգորյանը հերքել էր փաստը՝ պատճառաբանելով, որ ԿԳ նախորդ նախարարի բանավոր կարգադրության համաձայն իրենք անգամ սեփական տարածքից են զրկվել և այս պահին այն աստիճան անորոշ իրավիճակում են գտնվում, որ անգամ դրամահավաքը նրանց չի փրկի: Խոսելով ուսումնարանին տրամադրած շենքային պայամանների մասին տնօրենն ասել էր նաև, որ ուսուցչանոցի և դասասենյակի պատերն այնքան բարակ են, որ մի տեղի խոսակցությունը խանգարում է մյուսին:
Ուսումնական պրոցեսը չխաթարելու համար ծնողներն առաջարկել են բաժանարար պատը գիպսակարտոնով հաստացնել, և թե՛ շինանյութի, թե՛ աշխատանքի համար գումար չի հավաքվել: Առանձնապես չխորանալով բողոքի և տնօրենի պարզաբանումների մեջ՝ ընդամենը նշենք, որ առանց կրակ ծուխ չի լինում, իսկ թե ինչ մասին են ահազանգում ծնողները, թող պարզեն պատկան մարմինները: Միայն հավելենք, որ «Փաստին» կրկին զանգահարեցին և տեղեկացրեցին, որ մեր հրապարակումից հետո հավաքված գումարները հետ են վերադարձրել աշակերտներին: Հուսանք, որ այս հաստատությունում ծագած խնդիրներն այլևս չեն խաթարի ուսումնական նորմալ պրոցեսները, իսկ դրամահավաք կազմակերպելու խոսակցություններն ու երևույթները կմնան անցյալում: Ինչ վերաբերում է Լևոն Մկրտչյանի բանավոր հրամանով թիվ 6 ուսումնարանին շենքից զրկելուն, ապա «Փաստը» ուշի ուշով հետևում է, թե նոր նախարար Արայիկ Հարությունյանն ինչ լուծում կառաջարկի: Այնուամենայնիվ, հույս ունենք, որ կրթական հաստատություններին պատկանող շենքերը հյուրանոց դարձնելու նախկին ղեկավարների փորձերն այլևս չի կրկնվի, իսկ արդեն վերցված շենքերը կրկին կվերդարձվեն իրական տերերին: Արմինե Գրիգորյան



