Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը
ОБЩЕСТВО
Yerevan2800.am-ը գրում է.
«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է ռուս գեղանկարիչ Ալեքսեյ Խվոստովի գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Այն կազմակերպվել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև գործակցության շրջանակում:
«Մասեր» խորագրով ցուցահանդեսին հեղինակը ներկայացրել է 40 աշխատանք: Նկարների մի մասը պետերբուրգյան թեմաներով է: Ալեքսեյ Խվոստովի աշխատանքների հավաքածուում տեղ են գտել նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի տպավորություններով ստեղծված գործեր, որոնցից մեկը հեղինակը քաղաքի հոբելյանի առթիվ նվիրել է Երևանի պատմության թանգարանին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը ցուցահանդեսի բացման խոսքում շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով նկարների հեղինակին՝ նկատել է, որ մշակութային այս նախաձեռնության գաղափարը ծնվել է շուրջ մեկ տարի առաջ՝ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում:
Շնորհակալություն հայտնելով երևանյան ջերմ ընդունելության համար՝ Ալեքսեյ Խվոստովն իր հերթին նշել է, որ, առաջին անգամ լինելով Երևանում, տպավորված է և հետագա իր աշխատանքներում 2800-ամյա պատմությամբ վարդագույն քաղաքն անպայման կգտնի իր տեղը:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 30-ը:
ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում բնակվող գեղանկարիչ Ալեքսեյ Խվոստովը ստեղծոգործական ուղին սկսել է 2008 թվականին: Նա Ժամանակակից արվեստի ուղղություններից կոնտամինիզմի վառ ներկայացուցիչներից է: Գեղանկարչության այս ուղղությունը ենթադրում է գեղանկարչական և կինոյի, լուսանկարչական տարրերի, գրաֆիկական պատկերների համադրում: Ըստ որոշ տեսաբանների, արվեստի այս ուղղությունը սաղմնավորվել է դեռևս 19-րդ դարում՝ հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ վան Գոգի ստեղծագործություններում:
Խվոստովը վերաիմաստավորում է գրաֆիկական կերպարներն իր գեղանկարներում: Նա իր սեղծագործությունները ցուցադրել է ՌԴ-ի մի շարք քաղաքներում: Դրանցից ամենահայտնիներն են «Փոխակերպումը» և «Դիտակետը»:



