Դրամահավաքներ, միջանձնային հարաբերություններ. Քանի՞ ահազանգ է ստացել ԿԳՆ-ն
ОБЩЕСТВОԱպրիլից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Կրթության և գիտության նախարարության «թեժ գիծ» հեռախոսակապով ստացվել է 29 ահազանգ: Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտնեց Կրթության և գիտության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ ահազանգերից 24-ը վերաբերել են դպրոցներում իրականացվող դրամահավաքներին. «Խոսքը ավարտական քննությունների, «Վերջին զանգի» դրամահավաքների, ֆոնդի և այլ գումարների մասին է: Մյուս հինգ ահազանգերը կապված են դպրոցի տնօրենների հետ: Բնույթը հետևյալն է. տնօրեն-ծնող հարաբերություններ, տնօրենների հետ կապված որոշակի խնդիրներ կան»:
Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ խնդիրները չի մանրամասնում, որովհետև դրանք նախևառաջ ուսումնասիրության կարիք ունեն. «Առավել ևս, երբ խնդիրները տնօրեն-ծնող կամ մանկավարժ-ծնող միջանձնային հարաբերությունների մասին են: Իսկ ինչ վերաբերում է դրամահավաքներին, ապա բոլոր ահազանգերն ընդունվել են հեռախոսակապով: Բոլորին ընթացք է տրվել, ուղարկվել են նախարարին՝ համապատասխան հանձնարարական տալու համար»:
Նշենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հորդորել է դպրոցի տնօրեններին, որ վերջ տան դրամահավաքներին:Նա նաև հայտարարել էր, որ յուրաքանչյուր դեպքով տվյալները փոխանցելու է իրավապահ մարմիններին:
Մեր զրուցակցից հետաքրքվեցինք՝ կա՞ն ահազանգեր, որոնց դեպքով տվյալներն արդեն փոխանցվել են իրավապահներին: Նա ասաց, որ այս պահի դրությամբ այդ հարցին չի կարող պատասխանել:
Աննա Բադալյան



