Փաշինյանի նոր մոտեցումը՝ քննադատությունների առիթ
ПОЛИТИКАՄայիսի 9-ին Արցախ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակետ էր հայտնել, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի Հանրապետությունը վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Իր խոսքում Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես բանակցային կողմ է և կխոսի իր անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի ղեկավարությունը՝ ի դեմս Արցախի նախագահի:
«Այսինքն, այստեղ շարունակականություն չկա: Այստեղ կա նոր մոտեցում»,- ասել է Ն. Փաշինյանը: Ի դեպ, վարչապետը նշել էր, որ իր պատկերացմամբ բանակցությունների ձևաչափը պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում շարունակվի: Եվ այդ ձևաչափով, 1992 թվականի մանդատով, Լեռնային Ղարաբաղը ճանաչված է որպես հակամարտության լիիրավ կողմ: «Հետևաբար ես համարում եմ, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով, լիարժեքության պայմաններում: Որովհետև, կարծում եմ, որ Ղարաբաղի բացակայությունը բանակցային սեղանից այն չէ, ինչ նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի 1992 թվականի մանդատով»,- ասել էր Ն. Փաշինյանը: Վարչապետի այս տեսակետը դարձավ բուռն քննարկման առարկա և բոլոր կողմերից նրան սկսեցին կոչ անել Արցախյան հարցի մասին տեսակետ հայտնելու ժամանակ ավելի զգուշավոր լինել:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ տարիներ շարունակ արտաքին դիվանագիտությունն առկախված է եղել մեկ հիմնական սկզբունքից և ինչպես ողջ աշխարհին, այնպես էլ բանակցող կողմերին քաղաքական և միջազգային իրավունքի տեսանկյունից փորձ է արվել հիմնավորել, որ Արցախը ինքնորոշման սուբյեկտ է և իր չցեղասպանվելու հիմնավորմամբ պետք է կարողանա ինստիտուցիոնալիզացնել իր պետականությունը:
«Հայկական կողմն, ինչպես Լ. Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Ս. Սարգսյանի տարիներին օրակարգ մտցրեց այն գաղափարը, որ Հայաստանը Ղարաբաղի իրավունքները պաշտպանելու տեսանկյունից որպես միջնորդ կողմ ներկայանա: Առանձնահատկությունն այն է, որ եթե Հայաստանը ներկայանում է որպես ուղղակի բանակցային կողմ, ապա հարցեր են առաջանում, թե իրականում կոնֆլիկտն ինչ տեսանկյունից է դիտարկվում»,- ասաց Ա. Ղևոնդյանը: Կախված այն հանգամանքից, թե Արցախյան կոնֆլիկտը տարածքային, անվտանգության, ինքնորոշման, մշակութային ցեղասպանության, տնտեսական հանգամանքներով է պայմանավորված, թե այլ տեսանկյունից է դիտարկվում, իր մեջ ռիսկեր է պարունակում: Քանի որ եթե Հայաստանը հանդես է գալիս որպես բանակցային կողմ, ապա պետք է հստակեցնել, թե որպես պետություն ինչ պահանջներ ունի Ադրբեջանից:
«Մենք այստեղ պետք է շեշտադրումը կատարենք առկախվելով բացառապես Արցախի ինքնորոշման իրավունքից: Եվ պետք է հանդես գանք որպես ոչ թե բանակցային, այլ՝ միջնորդ կողմ: Եվ եթե միանգամից ծայրահեղական, առավելապաշտական նշաձող ենք սահմանում, ապա դա կարող է իր մեջ ռիսկեր պարունակել»,- ասաց Ա. Ղևոնդյանը:
Քաղաքագետի կարծիքով, սակայն, Փաշինյանի հայտարարությունը ոչ թե պատային իրավիճակ է ստեղծում, այլ մեկ ուրիշ սցենար, որը նախապես կանխատեսել էր Ադրբեջանը:
«Եվ երբ մենք ասում ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ադրբեջանական կողմն ասում է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող ադրբեջանցիները նույնպես համայնք են և ուզում են, որ նրանց կողմից նույնպես ներկայացուցիչ գա: Այս դեպքում ստացվում է 2+2 ձևաչափ: Իսկ թե որքանո՞վ է դա մեզ համար ձեռնտու, ես դժվարանում եմ այս պահին ասել, քանի որ դա ընդամենը տեսական դիտարկում է և դատողություն»,- ասաց Ա. Ղևոնդյանը:
Արմինե Գրիգորյան



