Հերթը հասավ ՏԻՄ ընտրություններին
ОБЩЕСТВОԱյս տարվա հունիսի 10-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ըտրություններին հետևող դիտորդների հավատարմագրումը կիրականացվի ապրիլի 1-ից մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում: Այս ժամկետն է սահմանվել նաև քվեարկության օրը ընտրությունների և քվեարկության ընթացքի լուսաբանումն իրականացնելու համար լրագրողների հավատարմագրման համար:
Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար էլ ժամկետ էր սահմանվել մայիսի 6-11-ը, մինչ երեկոյան 6-ը, իսկ թեկնածուների գրանցումը տեղի կունենա մայիսի 11-16-ն ընկած ժամանակահատվածում:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 21-ը: Նախընտրական քարոզչության համար ժամկետ է սահմանվել մայիսի 23-ից հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածը:
Եթե թեկնածուները փոշմանեն և այլևս չցանկանան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել, կարող են ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնել: Այս գործողության համար ժամկետ է սահմանվել մինչև մայիսի 31-ի ժամը 18:00-ն:
Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստի սկիզբ է սահմանվել ժամը 07:00-ն, իսկ քվեարկությունը կմեկնարկի մեկ ժամ անց:
Նշենք, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումն ավարտվում և արձանագրությունը հրապարակվում է ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո: Իսկ քվեարկությունն ավարտվում է հունիսի 10-ին ժամը 20:00-ին:
Հավելենք, որ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12-18:00-ը, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 9-11-ն ընկած ժամանակահատվածում:
Իսկ վերահաշվարկի աշխատանքները սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված վերջնաժամկետի օրը՝ ժամը 14:00-ից և դադարեցվում են քվեարկության օրվանից հետո 5-րդ օրը՝ կրկին նույն ժամին:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



