Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի
ОБЩЕСТВОԱյն, որ մեր ժողովուրդը երբեմն սիրում է տրամաբանությունից դուրս քայլեր անել, զարմանալի չէ: Զարմանալի չէ նաև լսել, որ որոշ գործարարներ սեփական բիզնես-ծրագրերն առաջ տանելու ու հավելյալ շահույթ ստանալու նպատակով դիմում են ծայրահեղ քայլերի՝ իրենց օբյեկտներում վայրի բնությանը սովոր կենդանիներ են պահում: Զորօրինակ՝ մեծ աղմուկ հանած «Արջանոց» ռեստորանը, որտեղ նույնպես արջեր կային, որոնք բնապահպանների կողմից մեծ աղմուկ բարձրացնելուց հետո միայն համապատասխան մարմինների կողմից տեղափոխվեցին Կենդանաբանական այգի:
Այսօր էլ պարզվում է՝ արջեր պահելու սիրահար են նաև սովորական քաղաքացիները, ովքեր, որքան էլ տարօրինակ հնչի, կենդանիներին պահում են սեփական տանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետևողական աշխատանքների արդյունքում ապրիլի 16-ին Գյումրու տներից մեկում ապօրինաբար պահվող արջի քոթոթը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում, որից հետո էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի: Երևանի կենդանաբանական այգում քոթոթը կպահվի կարանտինային պայմաններում մինչև մեծանալը։ Տեսչական մարմինն ապօրինի որսի հատկանիշներով նյութեր է նախապատրաստել և փոխանցել իրավապահ մարմիններին՝ գործին հետագա ընթացք տալու համար:
Past.am
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



