Քառօրյա պատերազմի մասնակիցները բուժվելուց բացի ժամանցային միջոցառման են մասնակցում
ОБЩЕСТВО«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունն օրերս հերթական ժամանցային երեկոն է կազմակերպել, որին մասնակցել են քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած տղաները։
Ծրագրի նպատակն էր հոգեբանական աջակցություն ցուցաբերել վիրավոր տղաներին, և միջոցառման ողջ ծախսը հոգացել էր «Փարիզյան» ռեստորանը։
Միավորման ողջ անձնակազմի անունից միջոցառման մասնակիցներն իրենց շնորհակալությունՆ են հայտնել լավ ընդունելության ու հյուրասիրության համար։
«Ժամանցային երեկոն անցավ շատ հետաքրքիր մթնոլորտում․ բոլոր վիրավոր տղաները պարեցին, ուրախացան։ Հնչեցին մի շարք հայրենասիրական երգեր, որոնք էլ ավելի բարձրացրեցին պատերազմի մասնակից հերոս տղաների տրամադրությունը»,- ասաց կազմակերպության ղեկավարը։
Նա նաև նշեց, որ տղաներին նման միջոցառումներն օգնում են մի պահ կտրվել իրենց խնդիրներից: Եվ քանի որ ամեն միջավայրում չէ, որ կարող են լիարժեք ուրախանալ, ուստի ընկերական միջավայրում, երբ իրենց կողքին են իրենց մարտական ընկերները, չեն կաշկանդվում և լիարժեք ուրախանում են:
«Մեր ծրագրերը շարունակական են լինելու, քանի որ բոլոր վիրավոր տղաները, ովքեր մասնակցել են այսպիսի ծրագրերի, նշում են, որ շատ կարևոր և օգտակար է իրենց համար։ Մեր նպատակն է, որ տղաներն իրենց թերի չզգան, անկախ նրանից՝ ոտք, ձեռք ունեն, թե չունեն, միևնույն է, կարող են երգել, պարել ու որպես երիտասարդ, իրենց լիարժեք զգալ։ Իրենց ներսում կա հոգի, որը բոլորիս հոգիների նման ուզում է ուրախանալ»,- ասաց կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանը:



