Ջրաշենցի 4-ամյա աղջնակի մահվան փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում
ОБЩЕСТВОԱրմավիրի բժշկական կենտրոնում հունիսի 16-ին մահացած ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ հարազատները երեխայի մահվան մեջ մեղադրում են հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանին:
Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, հունիսի 16-ի կեսօրին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակիչ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք` մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի մահվան պատճառը դեռ պաշտոնապես չի հրապարակվում, կատարվում է դատաբժշկական փորձաքննություն։



