2017 թ. դատապարտվածների մեծամասնությունը երիտասարդներ են
ОБЩЕСТВОԸստ ՀՀ դատական դեպարտամենտի ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում 2017թ. դատապարտվածների թվաքանակը կազմել է 2410 մարդ, որից 181-ը կանայք են: Նշվածներից 96-ը դատապարտվելու պահին եղել են անչափահաս, որից 4-ը` իգական սեռի: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքից:
Համաձայն ուսումնասիրության՝ 258 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են, 61 անձ արդարացվել է, 50 անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ:
Ազատազրկված դատապարտվածների թվաքանակը կազմել է 1410 մարդ: Դատապարտվածների ընդհանուր թվաքանակից 859-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել(50-ը՝ անչափահաս), 3-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ:
Դիտելով ուսումնասիրությունը՝ տեսնում ենք, որ նախորդ տարի դտապարտվածների մեծամասնությունը երիտասարդներ են: 2410-ից 1031-ը 18-29 տարեկան մարդիկ են, տակավին երիտասարդ, նոր-նոր կյանք մտնող քաղաքացիներ: Դատապարտվածների տարանջատումը կատարվել է նաև ըստ զբաղվածության տեսակի, և պարզվել է, որ նախորդ տարի դատապարտվածների մեծ մասը չաշխատող ու չսովորող աշխատունակներն են՝ 1328 մարդ: Դատապարտվածների թվում կա նաև 481 զինվորական, 48 պաշտոնատար անձ, 36 կալանավոր և այլն:
Նախորդ տարի դատապարտվածների մեծ մասը կատարել են սեփականության դեմ ուղղված հանցագործություններ(657), այնուհետև շատ են եղել զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները(375), շատ են եղել նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները(333):
Ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների համար նախորդ տարի դատապարտվածների թիվը կազմել է 4, որից մեկ դեպքը կատարվել է 18-29 տարեկան, իսկ մյուս երեքը՝ 30-49 տարեկան անձանց կողմից:
14-17 տարեկան երեխաների կողմից կատարված հանցագործությունների մեծ մասը վերաբերում է սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են(68): Նախորդ տարի դատապարտված երեխաների կողմից կատարվել է կյանքի և ատռողջության դեմ ուղղված 12, հասարակական անվտանգության դեմ ուղղված 9, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված 1, կառավարման կարգի դեմ ուղղված և արդարադատության դեմ ուղղված 3 հանցագործություն:
Ըստ հետազոտության դատապարտվածներից 33-ի դեպքում հանցագործությունը կատարվել է ալկոհոլի, թմրամիջոցի կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ: 2017 թ. դատապարտվածների թվում եղել է 48 օտարերկրացի և 4 քաղաքացիություն չունեցող անձ:
Նախորդ տարի կիրառված պատժատեսակների մեջ գերակշռում է տուգանքը, որը կիրառվել է 752 հոգու նկատմամբ, 181-ի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ 14-ի նկատմամբ էլ՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց:
Բացի այդ, 13 հոգու նկատմամբ կիրառվել է գույքի բռնագրավում, իսկ 122 նախկին պաշտոնյա զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Դատապարտվածների ազատազրկման ժամկետները դիտելիս՝ տեսնում ենք, որ նախորդ տարի միայն մեկ հոգու նկատմամբ է կիրառվել ցմահ ազատազրկում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am



