ՄԻՊ–ը պատռել է հոգեբուժարանների կեղծ դիմակը
ОБЩЕСТВОՀոգեբուժարաններում տիրող անմարդկային վերաբերմունքի մասին մամուլում հրապարակումներ շատ են եղել: Սակայն այդպես էլ մնացել են անարձագանք: Չի բացառվում, որ դրանք առիթ են դարձել մեկ–երկու ձևական այցելություն իրականացնելու համար, բայց փաստն այն է, որ դրանք չեն օգնել, որպեսզի ոլորտում առկա հազար ու մի խնդիրների շարքը դառնա ղեկավարության ու պատկան մարմինների ուշադրության առարկան, էլ չենք ասում՝ դրանք վերջնականապես ու մեկընդմիշտ լուծելու մասին:
Ու քանի որ հոգեբուժարանները փակ հաստատություններ են, բնականաբար վերադասներին նույնպես ներկայացվում է մեդալի փայլուն, այսինքն՝ երևացող կողմը, իսկ մութ անկյունների, կոռուպցիոն ռիսկերի, հիվանդներին ահաբեկելու, նրանց վրա բռնի ուժ ու ճնշում գործադրելու մասին խոսելը երկար տարիներ տաբու է եղել ու համարվել է փակ թեմա` ձևացնելով, թե նման հաստատություններում ամեն ինչ կարգին է:
Հիմա արդեն, երբ Մարդու իրավունքների պաշտպանն է որոշել ուսումնասիրություններ իրականացնել, պարզել է, որ տարբեր հոգեբուժարաններում մարդկանց հանդեպ տարբեր տեսակի ու որակի կոպտագույն խախտումներ են իրականացվում: Բայց հասկանալի չէ, թե պատկան մարմիններն ինչու են այսքան ժամանակ լռել ու չտեսնելու տվել նման անմարդկային ու հանցավոր գործելաոճը: Էլ չենք ասում դրա դեմ պայքարելու մասին:
Փաստորեն, պատկան կառույցներն այս փակ հաստատություններում մարդկանց բերանը փակելու և հարկադրաբար ինչ–որ բան կատարելու համար մահակներից մինչև սավան ու այլ ճնշման միջոցներ են օգտագործում, իսկ իրավաբանները նման վարքագիծը չտեսնելու են տալիս:
Ի դեպ, նման պարագաներ օգտագործելու իրավունքը հաստատված չէ նախարարի հրամաններով: Ու թեև հոգեբուժարանների աշխատակիցները կարող են «արդարանալ», թե պրակտիկայում դրանց օգտագործումն անհրաժեշտություն է, սակայն ավելի մեծ է հավանականությունը, որ նման պարագաները կարող են օգտագործվել երբ ասես, ինչի մասին հստակ տեղեկություն ստանալը, բավականին բարդ է:
ՄԻՊ արտահերթ զեկույցում արձանագրված է, որ հիվանդների հանդեպ ֆիզիկական զսպումը հիմնականում իրականացվում է հիվանդասենյակներում՝ բոլորի ներկայությամբ: Դրանց երբեմն մասնակցում են նաև պահակային ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները, ինչը նույնպես անթույլատրելի է:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համոզված է, որ անօգնական հիվանդների հանդեպ նման գործողությունների իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ինչ վերաբերում է ժամկետնանց դեղերի և բժշկական պարագաների կիրառության դեպքերին, որոնք կրկին հայտնաբերվել են ուսումնասիրությունների ժամանակ, ՄԻՊ–ն արդեն դիմել է ՀՀ դատախազությանը:
Առողջապահության նախարարի հրամաններն անտեսելուց մինչև հիվանդների մատյանների անփույթ վարումը նույնպես այս փակ հաստատություններում հանդիպող կոպիտ խախտումներից է: Ամենաշատ հանդիպող դեպքերից է նաև հիվանդների կենսաթոշակի մասնակի կամ լրիվ տնօրինումը, ինչը նույնպես բացահայտվել է ՄԻՊ–ի կատարած ուսումնասիրությունների ժամանակ:
Այս ամենի մասին պարզաբանում ստանալու համար «Փաստ»–ը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությանը:
Արմինե Գրիգորյան
Past.am



