Հասարակությունն իրավունք ունի պահանջելու, որ իրեն որակյալ «սնունդ» մատուցեն
ОБЩЕСТВОՀ1-ով հեռաձակվող «Լավ երեկո» հաղորդաշարի շուրջ բարձրացած աղմուկը մեղմելու փորձերն ու բացատրությունները, թե որևէ մեկին վիրավորելու միտում չի եղել, թեև հասկանալի են, բայց խոսում են այն մասին, որ հանրային տարածքը՝ եթերը, որից օգտվում են բացառապես բոլոր տարիքի ներկայացուցիչներ, դարձել է ամենաթողության զոհ:
Իրականում խնդիրն ավելի խորն է, քան առաջին հայացքից երևում է: Եվ այն, որ հաղորդաշարի վարող, բոլորի կողմից շատ սիրված Արամ Mp3-ը և ռեպորտաժի հեղինակը փորձում են համոզել, որ որևէ մեկին վիրավորելու միտում չեն ունեցել, սակայն նման որակի ռեպորտաժ հեռարձակելը խոսում է այն մասին, որ այստեղ ազատության ու եթերային էթիկայի կանոնների, չափ ու սահմանի մասին բավականին թյուրըմբռնում կա:
Այն, որ ասելիքի բացակայությունը տարիների ընթացքում հատել է բոլոր հնարավոր ու անհնար սահմանները, փաստ է: Սակայն ցավալի է, որ մինչ օրս եթերային բառամթերքի, վարքագծի կանոնների ու այդ չափ ու այդ սահմանի մասին հիմնականում բոլորը լռում են: Մի մասը ձեռնպահ է մնում բարձրաձայնել իր կարծիքը, քանի որ վախենում է «հնի» պիտակ ստանալ, մյուսներն էլ հավանաբար լռում են, քանի որ ասելիք չունեն: Բայց որ եթերի որակը պետք է լուրջ ուսումնասիրության առարկա դառնա՝ միանշանակ է:
Ի վերջո, հաղորդումն ու տեսանյութն էլ ապրանք է, որը եթեր հեռարձակելուց, այսինքն՝ «վաճառքի» հանելուց առաջ պետք է պիտանելիության թեստավորում անցնի, որպեսզի չվնասի մարդկանց առողջությունը: Հեռուստալրագրությանը քիչ թե շատ մոտ կանգնած անձինք ամենայն հավանականությամբ կհամաձայնեն, որ իրեն հարգող ցանկացած հեռուստաընկերություն բավականին ուշադրություն է դարձնում խոսքին ու եթերային վարքականոնին, հատկապես խոցելի խմբերի մասին պատմող ռեպորտաժներին պատրաստվելու դեպքում:
Հարցն այսքան չէր մեծանա, եթե բոլորն իրենց գործի վարպետները լինեին, եթե ուսանողական նստարանից մինչև Հ1 մեկ քայլ չլիներ, եթե լրագրողի մասնագիտությամբ զբաղվողները կարողանային տարբերել սեփական իրավունքներն ու փակ ռեժիմի հաստատության մարդկանց իրավունքները: Եթե հաղորդաշարի ողջ ստեղծագործական կոլեկտիվն այս տեսանկյունից մոտենար հարցերին, ապա, համաձայնեք, որ այդքան թանկ ժամանակն ու ռեսուրսներ չէին ծախսվի նման ռեպորտաժ պատրաստելու համար:
Ինչ վերաբերում է անազատության մեջ գտնվողների հարազատների իրավունքներին, ապա դա էլ մեկ այլ թեմա է, որի մասին արդեն, ամենայն հավանականությամբ, բացատրած կլինեն հաղորդաշարի հեղինակներին և հաջորդ անգամ, նման թեմաներին «մոտենալիս», նրանք պարտավոր կլինեն ոչ թե նման «հումոր» անել, այլ ծանր ու թեթև անել, թե ինչ են խոսում ու ինչի վրա են փորձում ծիծաղել:
Սա ընդամենը արհեստավարժության բացակայության հետևանք էր, անկախ նրանից, թե ով քանի տարվա բեմական կենսագրություն ու փորձ ունի: Կան թեմաներ, որոնց կողքով անցնելու իրավունք ձեռք բերելու համար անգամ ոչ թե բեմական վարպետություն է պետք, այլ՝ եթերային էթիկա, որը բացակայում է շատ ու շատ հաղորդումների ու շոուների ժամանակ: Ի վերջո, պետք է հասկանալ նաև, որ հասարակությունը չի կարող կրակը ընկնել հեռուստատեսության գաղջ որակի ձեռքը և իրավունք ունի պահանջելու, որ իրեն որակյալ «սնունդ» մատուցեն:
Արմինե Գրիգորյան




















































