Ընդդիմադիր ուժերը կմիանա՞ն «Ոչ թալանին» նախաձեռնության հավաքին
ОБЩЕСТВОՀայտնի է, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը Ազատության հրապարակում այս ուրբաթ՝ հունիսի 19-ին, հրավիրում է «Ընդդեմ հոսանքի ապօրինի թանկացման» հավաքի:
Past.am-ը ճշտել է մի քանի ընդդիմադիր կուսակցություններից՝ պատրաստվո՞ւմ են ներկա լինել հավաքին, թե՞ ոչ:
«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր կուսակցության ներկայացուցիչ Լևոն Դոխոլյանն այսօր մասնակցեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային,իսկ Հովհաննես Մարգարյանը ներկա էր հանձնաժողովի նիստին»:
Ըստ Միսակյանի՝ սա ամբողջ ժողովրդի հարցն է և չպետք է տարբերություն դնել՝ ով կամ որ ուժն է կազմակերպում ակցիան: Մեր զրուցակիցը նշեց, որ ՕԵԿ-ը մասնակցելու է նաև «Ոչ թալանին» նախաձեռնության Ազատության հրապարակում կազմակերպած հավաքին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, Աժ պատգամավոր Վահան Բաբայանը հայտնեց, որ կուսակցությունում մասնակցության հարցով դեռ քննարկում չի եղել:
«Ամենայն հավանականությամբ, վաղը մենք կտեղեկացնենք»,-ասաց ԲՀԿ խոսնակը: Ավելի վաղ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտնել էր, որ Դաշնակցության երիտթևը կմասնակցի հունիսի 19-ի հավաքին:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին կայացած նիստում որոշեց, որ 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով:
Լևոն Փանոսյան



