«Արզնի» օդանավակայանի աերոդրոմը նախատեսվում է օգտագործել նաև ընդհանուր նշանակության ավիացիայի կարիքների համար
ОБЩЕСТВОՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանի աերոդրոմը նախատեսվում է ընդգրկել քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում: Ինչպես հայտնում է past.am-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում:
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի ՊՆ «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն օգտագործել նաև ընդհանուր նշանակության ավիացիայի կարիքների համար: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ներդրումների ներգրավմանը:
«ՀՀ-ում ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալների ստեղծման շրջանակներում նախատեսվում է հնարավորություններ ստեղծել՝ ուղղված մասնավոր առևտրային փոխադրումների կազմակերպմանը, ինչպես նաև ուսումնական գործընթացներին, մասնավորապես օդաչուների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը: Միաժամանակ, նշված գործառույթներն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում օդանավերի տեխնիկական սպասարկման գծային (բազային) կենտրոնի ստեղծման մեջ»,- նշված է հիմնավորման մեջ:



