Մեկուկես ամսվա ընթացքում 41 միլիոն դրամի նվիրատվություն «հազար դրամների» հիմնադրամին
ОБЩЕСТВО
Փետրվարի 14-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում հավաքագրված միջոցները կազմում են 5 միլիարդ 899 միլիոն 858 հազար դրամ, որից 411 միլիոն 850 հազար դրամը կատարված հատուցումներն են:
Razm.info-ի տվյալների համաձայն՝ 2018-ի հունվարի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան հինգ դեպքի մասին, որից մեկը մարտական կորուստ է:
Մահվան դեպքերը տեղի են ունեցել հունվարի 6-ին, 7-ին, 16-ին և 27-ին: Հունվարի 6-ին դժբախտ պատահարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն՝ շմոլ գազի թունավորումից մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Նույն օրը հոսպիտալում մահացել է հունվարի 2-ին ավտովթարում վնասվածքներ ստացած, արձակուրդում գտնվող 19-ամյա Պարգև Սարիբեկյանը։
Հունվարի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Հունվարի 16-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է ՊԲ զինծառայող՝ 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը: Եվ վերջապես հունվարի 27-ին, նախնական տվյալներով ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նշված զինվորներին կամ նրանց ընտանիքի անդամներին հատուցում կատարելու մասին տեղեկատվություն դեռևս չկա:
Նշենք, որ հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը պետք է համապատասխան դիմում ներկայացնի այն պետական մարմնին, որտեղ զինծառայողը նախկինում ծառայել է:
www.1000plus.am կայքից տեղեկանում ենք, որ նվիրաբերություններ կատարվել են նաև այսօր: Մասնավորապես հոդվածը հրապարակման պատրաստելու ընթացքում այսօր կատարված դրամական փոխանցումները կազմել են 14 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ հունվարի 1-ից մինչև փետրվարի 14-ն ընկած ժամակահատվածում, past.am-ի տվյալներով, հիմնադրամ է մուտքագրվել 41 միլիոն 386 հազար 200 դրամ, որից ամենից մեծ նվիրատվությունը կատարել էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը՝ 1,5 միլիոն դրամի չափով:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



