Հանցագործ ոստիկաններ
ОБЩЕСТВОՀարուցվել են քրեական գործեր ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի առթիվ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու, խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
Այսպես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա. Վ.–ն հայտնել է, որ ոստիկանության մի քանի ծառայողներ կողոպուտ կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ ոստիկանության տարբեր աշխատակիցներ իրեն սպառնացել են խիստ պատասխանատվության ենթարկել ու ծեծել` պահանջելով խոստովանական ցուցմունք տալ, իսկ նրանցից մեկը բռնություն է գործադրել, որի հետևանքով, վախի ազդեցության տակ, իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք է տվել:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Չարենցավան քաղաքի բնակիչ Մ. Մ.–ն, հաղորդում է տվել, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցը հանցագործություն կատարելու մասին խոստովանություն ստանալու նպատակով նշված բաժնում ծեծի է ենթարկել իրեն:
Ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու վերաբերյալ հաղորդում է տվել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս. Հ.–ն, ով հայտնել է, որ ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխելու ճանապարհին երկու ոստիկաններ ավտոմեքենայի մեջ հարվածներ են հասցրել իր գլխին, ապա` նույն օրը ոստիկանության մի խումբ աշխատակիցներ հանցագործություն կատարելու մասին խոստովանություն կորզելու նպատակով ոստիկանության շենքում ծեծի են ենթարկել իրեն և սպառնալիքներ տվել, որի հետևանքով խոստովանել է իր կողմից չկատարված ավազակության դեպքերը:
Եվս մեկ քաղաքացի` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Ն. Ե.–ն, նախաքննության ընթացքում հայտնել է, որ բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ վիճաբանելու պատճառով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ոստիկաններից մեկը բռունցքով հարվածներ է հասցրել իր կրծքավանդակին, իսկ մյուս ոստիկանն էլ սպառնացել է, որ ծեծի կենթարկի իրեն:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու, խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 1–րդ հոդվածի 3–րդ մասի 4–րդ կետի, 309.1–րդ հոդվածի 1–ին մասի, 309.1–րդհոդվածի 2–րդմասի 4–րդ կետիև 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



