Հայտնի է անվտանգության խորհրդի ձևավորման կարգը. ՀՀ նախագահը և ԱԺ նախագահը խորհրդի կազմում չեն լինի
ПОЛИТИКАԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Անվանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2005 թ. Սահմանադրության փոփոխություններով սահմանված էր, որ անվտանգության խորհուրդը գլխավորում է հանրապետության նախագահը, իսկ արդեն 2015 թ. սահմանադրական փոփոխություններով սահմանվել է, որ անվտանգության խորհուրդը գլխավորում է հանրապետության վարչապետը, իսկ խորհրդի կազմավորման և գործունեության կարգը պետք է սահմանվի օրենքով:
«Եվ հիմա մենք ձեր դատին ենք ներկայացնում օրենքի նախագիծը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը»,– նշեց Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ օրենքի նախագծով նախատեսել են նաև խորհրդի գործունեության ընթացակարգը, թե ինչպես են գումարվում նիստերը, որ հարցը ինչ քվորումի առկայության դեպքում է ընդունվում: «Բնականաբար սահմանադրական լիազորությունները իրականացնելու համար անհրաժեշտ կլինի խորհրդի անդամի 7 ձայնի առկայություն, իսկ խորհրդատվական բնույթի հարցերի դեպքում բավարար կլինի խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը»,– մանրամասնեց փոխնախարարը:
Նախագծով նախատեսված են նաև անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները, նախատեսվել են նաև անցումային դրույթներ, թե օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ինչ ժամկետներում է ձևավորվելու անվտանգության խորհրդի կազմը:



