Նիզամիում դպրոցականները զրկված են տարրական պայմաններից
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Արարատի մարզի Նիզամի համայնքի միջնակարգ դպրոցը զուրկ է տարրական պայմաններից։ «Փաստ»–ի հետ զրույցում տեղեկացրեցին համայնքի բնակիչները։ Նրանց ներկայացմամբ՝ դպրոցի շենքային պայմաններն անմխիթար վիճակում են գտնվում։
«Դպրոցի մասնաշենքի մի մասն է միայն գործում, իսկ մյուս մասը քարուքանդ վիճակում է, որտեղ անհնար է դաս անցկացնել»,– դժգոհեցին ծնողները:
1970–ականներին կառուցված շենքը երբևէ չի վերանորոգվել: Դպրոցում չկա նաև սանհանգույց և ջուր։ Ծնողները բողոքեցին, որ սանհանգույցը դպրոցի բակում է գտնվում և այն էլ սարսափելի վիճակում։
«Սանհանգույցը դրսում է գտնվում, ցուրտ եղանակին երեխաները մրսելով են գնում օգտվելու։ Հատակի տախտակները փտած են ու ցանկացած ժամանակ կարող են կոտրվել, ու երեխաները կարող են ընկնել կեղտափոսերի մեջ»,– պատմեցին մեր զրուցակիցները։
Ծնողներից մեկ ուրիշն էլ հավելեց, որ ինքն անհանգստացած է իր երեխայի անվտանգության համար։
«Ամբողջ դպրոցը վատ վիճակում է: Ամոթ է նման պայմաններով շենքը դպրոց կոչել»,– բողոքեց նա։
Սանհանգույցի հարցն օրակարգում է՝ փաստեց համայնքի ղեկավար Հարութին Կարապետյանը:
«Տեսնենք ոնց ենք անում, որ ներս բերենք»,– ասաց նա:
Կիսաքանդ մասնաշենքերին ձեռք չեն տվել՝ այն այդպես էլ մնում է: Սենյակներից մեկն են միայն վերանորոգել, որն այսօր որպես հրաձգարան է ծառայում:
«Ջեռուցման հարցն էլ է օրակարգային: Հոսանքի միջոցով ենք տաքացնում»,– ներկայացրեց նա:
Կուտակված խնդիրների կողքին այստեղ կատարածներն էլ են թվում: Պատուհաններն ու դռներն են փոխվել՝ աշակերտներին փրկելով ցրտից:
«Առաջին դասարանի սենյակի հատակը վերանորոգվում է: Համայնքապետարանն իր վրա է վերցրել նաև դահլիճի վերանորոգումը: Տարիներ շարունակ դպրոցին ոչ մի աջակցություն չի եղել, և բազմաթիվ անլուծելի խնդիրներ են կուտակվել: Հիմա ուշադրության կենտրոնում դպրոցն է: Անելիքներ դեռ շատ կան: Հուսով ենք՝ առաջիկայում դրանք կիրագործենք»,– եզրափակեց նա:
Մանյա Պողոսյան



