Կարինե Դանիելյան. «Էկոլոգիական մշակույթ դեռ չի ձևավորվել»
ОБЩЕСТВОՀայաստանն աղբով պատված երկրի է վերածվել, գրույմ է «Փաստ» օրաթերթը
Աղբի հետ կապված խնդիրները լուծելու համար Հայաստանը վերջին տարիներին մի քանի վարկային համաձայնագրեր կնքեց: Վերջինը 2016 թվականին էր, ըստ որի «Եվրոպական ներդրումային բանկը» 8 մլն եվրոյի չափով վարկ էր տրամադրելու ՀՀ–ին: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է հինգ սանիտարական աղբավայր կառուցել ՀՀ–ում, որոնցից ամենամեծը կլինի Երևանում՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ:
Գնահատելով նշվածի ուղղությամբ կատարվող քայլերը, բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց.
«Հայաստանն այսօր ուղղակի անվերահսկելի աղբավայրերով ու աղբով պատված երկրի է վերածվել: Երբ Վրաստանից գալիս ենք Հայաստան, նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ Վրաստանի ճանապարհները քիչ թե շատ բարվոք վիճակում են, և՛ կանաչ են, և՛ մաքուր: Բայց Հայաստանն աղբով դիմավորում է՝ աղբով ճանապարհում:
Իսկ երբ քամին բարձրանում է՝ ամբողջ աղբը ավելի է տարածվում ողջ շրջակայքով մեկ: Բացի այդ՝ ճանապարհներին կիսաքանդ շինություններ են, որոնք ևս անվերահսկելի աղբավայրերի են վերածվում: Ես աշխարհի կեսը տեսել եմ, բայց որևէ երկրում այսպիսի իրավիճակ չեմ տեսել: Խիստ կարևոր է այս խնդիրը, շատ ճիշտ են արել, որ մշակել են ծրագիրը, գումար են վերցրել:
Բայց հարցն այն է, թե ծրագիրը կիրականացվի՞ այնպես, ինչպես նկարագրված է, ինչպես աշխարհի դրական փորձն է թելադրում, թե գումարը կծախսվի ու կրկին բացասական իրավիճակ կտեսնենք: Հույս ունեմ, որ դրական պրոցես տեղի կունենա»:
Ինչ վերաբերում է ծրագրի իրանացմանն ուղղված աշխատանքներին, Կարինե Դանիելյանը շեշտեց, որ ուսումնասիրության և նախագծելու փուլն արդեն իրականացվել է.
«Սա նորմալ է: Խնդիրը ծրագրի իրականացման ուղղությամբ հանրային վերահսկողություն սահմանելն է»:
Բնապահպանը կիսում է այն կարծիքները, որ աղբի վերամշակման ու սորտավորման անհրաժեշտություն կա:
«Այս առումով այժմ միջազգային մեծ փորձ կա: Վերամշակման բոլոր հնարավորություններն օգտագործում են: Այդ ուղղությամբ մեծ ծրագրեր ունեն Ռուսաստանը, Ղազախստանը, նախկին ԽՍՀՄ երկրները: Սա խնդիր չէ, քաղաքական կամք է պետք:
Պետք է այնպիսի ֆինանսական միջավայր լինի, որ վերամշակումը շահավետ լինի: Պետք է հարկային արտոնություններ տալ վերամշակող ընկերություններին, որ մարդիկ շահագրգռված լինեն և սկսեն այդ բիզնեսով զբաղվել»,– ասաց բնապահպանը:
Նշենք, որ նախորդ տարի մեկնարկեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Կարինե Դանիելյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է, թե անվերահսկելի քանի աղբավայր ունենք:
«Մշակվել է ծրագիր, թե ինչ պետք է անել: Պետք է մեծ աղբավայրեր լինեին: Ամեն տեղից պետք է աղբը բերվեր ու թափվեր այդ աղբավայրերում: Այստեղ մի քիչ մտավախություն ունեինք: Հույս ունենալ, որ աղբը տեղափոխող վարորդներն այն կբերեին ու այդ տեղերում կթափեին, մի քիչ միանշանակ չէր:
Մենք այդ մասին ասացինք, և հարցը կարծես թե վերանայվել է՝ ավելի մատչելի տարբերակներ են գտել: Տեսնենք, թե ընթացքն ինչպիսին կլինի: Երբ գնում էինք Ալավերդի, ճանապարհին մեծ պաստառ կար, որի վրա գրված էր՝ «աղբը չթափել և աղբը գետում չլցնել»:
Աղբի մեքենան եկավ ու զգուշացնող պաստառի ներքո ամբողջ աղբը շուռ տվեց գետի մեջ: Եթե մենք այս վարվելակերպն ու մտածելակերպն ունենք, ինչ ծրագիր ուզում ես մշակի, ինչքան ուզում ես գումար վերցրու, արդյունքը նույնը կլինի»,– ընդգծեց Կարինե Դանիելյանը:
Բնապահպանն այս հարցում կարևորեց նաև ԶԼՄ–ների դերը՝ նշելով, որ հեռուստատեսությամբ հաճախ պետք է կրթական հաղորդումներ ցուցադրվեն:
«Մեզ մոտ էկոլոգիական մշակույթ դեռ չի ձևավորվել՝ կրթական ծրագրեր են անհրաժեշտ»:
Աննա Բադալյան



