Ուշացած էսքիզն ու երևանցիները
ОБЩЕСТВОԵրեկ սոցիալական ցանցերից մեկում հասարակական և բնակելի շենքերի նախագծում, ներքին և արտաքին ձևավորման աշխատանքներ, շինարարություն և այլ աշխատանքներ կատարող մի ընկերություն որոշեց լուսանկարներ հրապարակել: «Խաչ Երևանի համար» խորագիրը կրող լուսանկարներում նախկին երիտասարդական պալատի տեղում վեր խոյացած մի ժամանակակից կառույց էր՝ վրան էլ խաչի պատկեր:
Քաղաքացիներն իրենց դժգոհության մասին գրեցին, լուսանկարները տարածեցին: Իսկ ընկերության էջում ոչ մի պարզաբանում չկար՝ փոխարենը դժգոհող քաղաքացիներին մուսուլման անվանեցին:
Որոշեցինք ինքներս ընկերությունից պարզաբանում ստանալ:
«Չեմ հիշում՝ որ թվականին (2009 թ.– խմբ.), Երիտասարդական պալատի համար մրցույթ էր հայտարարվել: Մեր տնօրենն այդ աշխատանքը կատարել է մրցույթից դուրս, իսկ մրցույթին աշխատանքը ներակայացրել է ուշացումով: Մրցույթն արդեն ավարտված է եղել, բայց ներկայացրել է: Սա է պատմությունը»,– ասաց ընկերության աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Ի դեպ, ինչպես աշխատակցուհին նշեց, նախագծի ճարատարապետը Հայկ Կարապետյանն է՝ ընկերության տնօրենը:
Հետաքրքրվեցինք՝ եթե տարիներ առաջ ավարտվել է մրցույթը, այսօր էսքիզները հրապարակելու նպատակը ո՞րն է: «Ես չգիտեմ, թե ինչո՞ւ են նման հարցեր առաջացել մարդկանց մոտ, որովհետև էլի են զանգել: Մարդն ինքն իր համար՝ որպես արվեստագետ, իր աշխատանքը արել ու դրել է Facebook–ում»,– ասաց աշխատակցուհին:
Մնացած հարցերին աշխատակցուհին չպատասխանեց՝ խորհուրդ տալով ավելի ուշ զանգահարել, երբ ճարտարապետը տեղում կլինի: Նույն պահին, սակայն, հեռախոսն աշխատակցուհու ձեռքից մի տղամարդ վերցրեց ու ասաց. «էլ չզանգեք այստեղ»:
Իհարկե, չենք ցանկանում գնահատական տալ էսքիզի գեղեցիկ, համահունչ կամ ոչ էսթետիկ ու տգեղ լինելու մասին, մանավանդ, երբ մրցույթը վաղուց անցել է՝ արվեստագետն էլ՝ ուշացել: Այդ դեպքում ո՞րն էր ընկերության նպատակը: Ամենահավանականն, ըստ էության, գովազդն է:
Բոլորին է հայտնի, թե քաղաքացիների արձագանքը որքան ցավագին ու նույնքան ոգևորված կարող է լինել Երևանում կառուցվող, քանդվող, տեղադրվող կամ նախագծվող կառույցների նկատմամբ: Այն էլ, երբ խոսքը երբեմնի Երիտասարդական պալատի տեղում կառուցվելիքի մասին է:
Ի դեպ՝ երբ ամեն անգամ խոսվում է չիրականացած ու մշուշում գտնվող նախագծերի մասին, քաղաքացիներն իրենց սրտում կրկին հին կառույցն են հիշում, ցանկանում, որ ներկայացվելիք նախագծում կրկին «կուկուռուզնիկը»՝ մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը լինի:
Այս դեպքում ընկերությունն օգտագործել է երևանցիներին՝ իր գովազդն անելու համար: Մարդիկ խայծը կուլ տվեցին ու բացասական կարծիքների ներքո տարածեցին ուշացած արվեստագետի էսքիզը: Ու տարածվեց ամենակարևորը՝ ընկերության անունը: Գովազդը երևի ստացվեց, բայց մնաց կարևորը՝ երևանցին ու իր ցավագին վերաբերմունքը քաղաքի նկատմամբ: Թող երևանցիների կողմից չընդունված բոլոր էսքիզներն ուշացած լինեն:
Աննա Բադալյան



