Ռուսական խումար
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
ՌԴ Պետական դումայում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ քննարկվել է նաև Երևանում կանգնեցված Գարեգին Նժդեհի արձանի հարցը:
Գարեգին Նժդեհը ռուսական որոշ շրջանակների համար ասոցացվում է ֆաշիզմի գաղափարախոսության հետ: Դե, երևի միայն ֆաշիզմը չէ. նրանք պարզապես չեն կարողանում մարսել, որ Նժդեհը կռվել է ռուսական զորքերի դեմ ու նրանց ոտքը կտրել Զանգեզուրից:
Եվ ամենակարևորը՝ ռուսական հասարակական–քաղաքական որոշ շրջանակների կողմից ստորագրահավաք է կազմակերպվել, որպեսզի մեր երկրի մայրաքաղաքից հանվի մեր հերոսի արձանը: Եվ արդեն, ասում են, որ հավաքվել է շուրջ 200 հազար ստորագրություն:
Զարմանալի է ռուսական քաղաքականության կացնային բնույթը: Կամ ռուսական գործիչները պարզապես կորցրել են իրականության զգացումը, կամ էլ ամնեզիայի մեջ են: Չգիտեն, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն ունի որպես անկախ պետություն: Նախկին տասնամյակները կամ դարերը չեն:
Որքան էլ մեր երկիրը տարատեսակ կախվածություն ունենա այս երկրից, ապա միակ կարևոր ու անբեկանելի փաստն արդեն եղել է՝ Հայաստանը անկախ և ինքնուրույն պետականությամբ երկիր է: Եվ գոնե քաղաքական պատշաճությունը պահանջում է նման քայլերի չգնալ՝ ստորագրահավաք չանցկացնել մեկ այլ երկրում ինչ–ինչ բան անելու պահանջով:
Միջազգային իրավունքի տեսակետից չխոսենք, և այս ասպեկտով չպարզաբանենք հարցը: Պարզ ու մարդկային տրամաբանությամբ առաջնորդվենք: Էլ չեմ խոսում քաղաքական տրամաբանության մասին:
Ի վերջո, այս երկիրն իրավունք ունի գրողի ծոցն ուղարկել ձեր պահանջ– ստորագրությունը: Կամ եթե անգամ հրապարակավ այդպես չանի, ապա մի բան ակնհայտ պետք է լինի ձեզ համար, որ ձեր տվյալ քայլով այս երկրի ժողովրդին ասում եք, որ դու սխալ ես գնահատում քո արժեքները, դու քո լավն ու վատը չգիտես ու պաշտում–հերոսացնում ես մեկին, ով իրավունք չունի քո հերոսը լինելու:
Հիմա այս դեպքում ի՞նչ պետք է ասի այս ժողովուրդը: Կամ պետք է ասի, որ դու իրավունք չունես բռնանալու իր նախասիրությունների վրա, իր տեսակետների ու ցանկությունների վրա, կամ էլ քեզ համարի բռիի մեկը, որը ներխուժել է իր տուն ու ցանկանում է այն ինքը կառավարել:
Իսկ ի՞նչ են անում նման հարևանի հետ. պարզապես էլի՛ են գրողի ծոցն ուղարկում: Կամ եթե անգամ այդ դեպքում՝ ո՛չ հրապարակավ, բայց այս տան բնակիչները հաստատ իրենց մտքում քեզ գրողի ծոցն ուղարկելու են:
Որովհետև ցանկացած արժանապատվություն ունեցող մարդ այդպես է անում: Ավելին՝ այդպես է անում անգամ արժանապատվություն չունեցող մարդը. սա էլ այդպես կանի ինքնապահպանման բնազդից ելնելով:
Հիմա մի բան է մնում մտածել: Ռուսական հասարակական–քաղաքական շրջանակների այս մարդիկ, ովքեր նման բան են հղացել ու սկսել են ստորագրահավաք կազմակերպել, երևի պարզապես խումարի մեջ են: Հլա լավ չեն արթնացել: Աչքները բացել են, այո, բայց հլա ուղեղների որոշ մասն արթնացած չէ, քնած է: Ու դրա համար են այս բանն արել:
Ոչինչ, շուտով կարթնանան:
Գոհար Սարդարյան



