Հրանտ Եղիազարյան. «Միասնական երթուղային ցանցի ներդրումը մարզերում հեքիաթ է»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Միասնական երթուղային ցանցի ներդրմամբ հանրապետությունում տրանսպորտային խնդիրները չեն վերանա: «Փաստ»–ի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Վերջինիս դիտարկմամբ, եթե մայրաքաղաքում նոր նախագծով տրանսպորտային խնդիրները մասամբ կլուծվեն, ապա մարզերի դեպքում այն հեքիաթի է նման:
«Ես չեմ հավատում, որ միասնական տրանսպորտային ցանցի ներդրմամբ տրանսպորտային խնդիրները կլուծվեն: Օրինակ՝ ունենք երկու շրջկենտրոն՝ Հրազդանն ու Գորիսը: Ոչ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ մեկ օպերատորը կկարողանա և՛ Գորիսը սպասարկել, և՛ Հրազդանը: Ավելի շատ հակված եմ այն գաղափարին, որ գորիսեցին իր համաքաղաքացիներին է բերելու Երևան, հրազդանցին՝ իր: Ի՞նչ մեկ օպերատոր, ի՞նչ սկզբունքով է այն աշխատելու, ես չեմ հասկանում»,– հարց բարձրացրեց Եղիազարյանը:
Այսօր շատ համայնքներում անգամ մարզկենտրոնին կապող փոխադրամիջոց չի գործում: Հրանտ Եղիազարյանը չի գտնում, որ այս խնդիրն անցյալում կմնա: Նրա պնդմամբ՝ հարցը մասամբ կլուծվի: Այսօր բազմաթիվ երթուղիներ հրաժարվում են համայնքներին սպասարկել՝ պատճառաբանելով, որ քիչ ուղևորահոսքի դեպքում աշխատանքը շահութաբեր չի դառնում: Մասնագետի խոսքով՝ նմանատիպ երևույթներից խուսափելու համար պետք է ճիշտ կառավարում լինի:
«Երբ երթուղու մրցույթ են հայտարարում, պետք է ներառեն նաև անշահութաբեր երթուղին: Ունենք 2 գյուղ, մեկում 2000 մարդ է ապրում, մյուսը 100 բնակիչ ունի: Քիչ բնակիչ ունեցող գյուղի դեպքում տրանսպորտային միջոցն անշահութաբեր է աշխատելու: Նույն մրցույթին հաղթողը պետք է նախ անշահութաբերը սպասարկի, հետո՝ շահութաբերը: Սա կապված է նաև մարզպետի՝ տրանսպորտի նկատմամբ ունեցած վերաբերմունքից»,– նկատեց մասնագետը:
Նա չի կարծում, որ մայրաքաղաքում միասնական երթուղային ցանցի գործարկումից հետո ուղևորավճարների փոփոխություն կլինի, թեպետ դա անհրաժեշտություն է:
«Մարզերում՝ կասկածում եմ: Ի վերջո, ապրանք վաճառողի շահույթն էլ պետք է հաշվի առնել: Մենք դրել և ասում ենք, որ սակագինը չպետք է բարձրանա: 1996 թվականից ուղեվարձը չի փոփոխվել, սա ես նորմալ չեմ համարում: Բոլոր ապրանքների արժեքների փոփոխության հետ կապված պետք է փոխվի նաև ուղեվարձը: Հիմա մեծ ճեղքվածք է առաջացել: Այն 22 տարվա երկարություն ունի»,– նշեց նա:
Նոր տրանսպորտային ցանցով 3 անգամ կկրճատվի տրանսպորտային միավորների քանակը. կլինի 42 երթուղի` 115–ի փոխարեն, և 939 մեքենա` 2039–ի դիմաց:
«Գործազրկություն չի լինի, քանի որ այդ վարորդների մի մասը կգնա շրջաններ, մյուսներն էլ՝ կընդգրկվեն երթուղայինների նոր ցանցում, որովհետև երկու վարորդով են աշխատելու»,– նկատեց նա:
Նոր ծրագրով երթուղային տաքսիները կվերանան: Շահագործման մեջ կլինի 833 ավտոբուս: Լինելու են միայն միջին ու մեծ տարողության ավտոբուսներ: 11 հիմնական երթուղիները կսպասարկեն մեծ՝ միակցված 18 մետրանոց ավտոբուսները, որոնք կարող են փոխադրել 150 ուղևոր: Մի շարք վարորդներ թերահավատորեն են մոտենում ծրագրին: Նրանց խոսքով՝ փողոցները հարմարեցված չեն դրանց: Բայց, ըստ, Ուղևորափոխադրողների միության նախագահի, խցանումներ չեն լինի:
«Ճիշտ հակառակը կլինի: Երբ միաժամանակ 8–9 գազել ու ավտոբուս էր կանգնում, այդ ժամանակ էր խցանում առաջանում»,– հավելեց նա:
Հիշեցնենք, որ տրանսպորտային նոր ցանցում չեն լինի կրկնվող երթուղիներ: Տրանսպորտը կհասնի քաղաքի բոլոր հատվածներ: Ցանցում չեն լինի Երևանին հարակից գյուղերն ու ավանները: 42 երթուղուց 11–ը լինելու է հիմնական, 30–ը՝ սնուցող և մեկը՝ դեպի օդակայան արագընթաց երթուղի։
Առաջարկվող փաթեթով նախատեսվում է 4 անգամ կրճատել նաև ցանցի երկարությունը, և 25% ավելացնել կանգառները:
Մանյա Պողոսյան



