Գեղարքունիքում հրդեհների քանակն աճել է 109–ով
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Գեղարքունիքի մարզում 2017 թվականի ընթացքում գրանցվել է 624 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 15, մարմնական վնասվածք ստացել 115 մարդ:
Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետարանից:
2017–ի ընթացքում մարզում 2016–ի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն աճել են 15–ով կամ 2,4%–ով, զոհերի թիվը նվազել 9–ով, կամ 37,5%–ով:
Արտակարգ պատահարների հետևանքով վիրավորների թիվն աճել 50–ով, կամ 43,4%–ով: Գրանցված դեպքերից 309–ը տեխնածին են, որոնց հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 115 մարդ:
Արտակարգ դեպքերից 232–ը հրդեհներ են, որոնց հետևանքով զոհվել է 1 մարդ:
Գեղարքունիքում գրանցված արտակարգ դեպքերից 20–ը տարերային են, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել: Դեպքերից 283–ը սոցիալ–կենցաղային են: Այս ամենի հետևանքով 8 զոհ է արձանագրվել:
Նախորդ տարվա համեմատ սոցիալ–կենցաղային արտակարգ դեպքերը նվազել են 77–ով: Գեղարքունիքի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում 2017 թվականին գրանցվել է 76631 զանգ, իսկ արտակարգ դեպքերի հետևանքների վերացման, հերթապահությունների և վարժանքների համար իրականացվել 1711 ելք՝ 2016–ի 1603 ելքի դիմաց:
Գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 240 ահազանգ, որից հրդեհ է գրանցվել 232 դեպքում, իսկ պատճառված նյութական վնասը կազմել է մոտ 66,5 միլիոն: 2017–ի հրդեհների քանակը 2016–ի համեմատությամբ աճել է 109–ով:
Գրանցվել է խցանված մեքենաների դուրս բերման 139 դեպք:
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատն արձագանքել է 31 ջրափրկարարական աշխատանքների, փրկարարական 78 պատահարների և 7 հրդեհաշիջման աշխատանքների:
Իսկ Սյունիքի մարզում գրանցվել է 818 արտակարգ դեպք, որի հետևանքով զոհվել է 26 մարդ: 2016 թ–ին դեպքերի թիվն ավելի քիչ է եղել՝ 638, մինչդեռ զոհերն ավելի շատ են եղել՝ 29 մարդ:
Այսպիսով՝ նախորդ տարի արտակարգ իրավիճակների դեպքերը մարզի տարածքում ավելացել են 180–ով կամ 28,2%–ով: Զոհերի թիվը նվազել է 3–ով՝ վիրավորների թիվն ավելացել՝ 132–ով:
Հրդեհների թիվը մարզում աճել է 179 –ով կամ 72,1%– ով: Հրդեհի հետևանքով զոհեր չկան, տուժել է 5 քաղաքացի:
Մանյա Պողոսյան



