Վանաձորում հափշտակության գործով հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվել է մահացած
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 48–ամյա տղամարդու մահվան հանգամանքները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018 թ. հունվարի 28–ին՝ ժամը 13:35–ի սահմաններում ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի թիվ 2–րդ գերեզմանատանն առկա է տղամարդու դիակ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական–օպերատիվ խումբը: Դիակի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը. նա Երևանի բնակիչ Արսեն Գրիգորյանն է՝ ծնված 1970 թ., ով 2018 թ. հունվարի 8–ից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար՝ Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈՒՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով:
Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:



