«Ռեսո»–ի գործակալը պատրաստվում է ջրամբար կառուցել
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Փետրվարի 6–ին Արմավիրի մարզի Դալարիկի և Լեռնագոգի համայնքապետարանների շենքում տեղի կունենան «Մոդուլ 2015» ընկերության կողմից ներկայացված Մաստարայի ջրամբարի շինարարության և շահագործման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
«Մոդուլ 2015» ՍՊԸ–ի համահիմնադիրներն են Արմեն Վալերիկի Հարությունյանն ու Սամսոն Արազու Գասպարյանը, ով նաև ընկերության տնօրենն է: Համացանցից տեղեկանում ենք, որ ընկերության տնօրենը բացի ձեռնարկատիրությունը նաև այլ աշխատանք ունի. նա «Ռեսո» ապահովագրական ընկերության՝ Արմավիրի մարզի Կաքավաձոր համայնքի գործակալն է:
Մյուս հիմնադրի վերաբերյալ տեղեկության համաձայն՝ նա Երևանի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման» ամբիոնի դասախոսներից է: Ընկերությունը հիմնադրվել է երեք տարի առաջ՝ 2015 թ. հունվարին: Հավանաբար ստեղծման տարեթվով էլ պայմանավորված է ընկերության անվանման մի մասը:
Նախագծի համաձայն՝ ջրամբարի կառուցումը թույլ կտա Արմավիրի մայր ջրանցքի 27–րդ կիլոմետրից հետո գտնվող համայնքներին մատակարարել ոռոգման ջուր ինքնահոս եղանակով, շահագործումից հանելով խորքային հորերը, իսկ Արարատյան ստորգետնյա ավազանից ջրառը պակասեցնել տարեկան շուրջ 5,3 միլիոն խորանարդ մետրով:
«Ցածր ինքնարժեքով ոռոգման ջրի երաշխավորված ծավալների մատչելիությունը էական նշանակություն ունի գյուղատնտեսության ամրապնդման և զարգացման համար: Այն կապահովի գյուղմթերքների արտադրության և գյուղական ազգաբնակչության եկամուտների ավելացումը»,– կարդում ենք այնտեղ:
Մաստարայի Սելավի ջրամբարը գտնվում է Արմավիրի մարզում, Արագած լեռան հարավ–արևմտյան ստորոտում, Մյասնիկյան և Դալարիկ գյուղերի միջև: Ամբարտակը նախատեսվում է կառուցել Մյասնիկյան գյուղի հյուսիս–արևմտյան սահմանագծում, ջրամբարի ջրի հայելին հասնելու է մինչև Դալարիկ գյուղի մատույցները:
Մաստարայի Սելավ գետի վրա կառուցվող ջրամբարի համար հայցվող տարածքի հողատարածքները գտնվում են Դալարիկ և Լեռնագոգ համայնքների վարչական սահմաններում: 958մ պատվարի կատարի նիշով ջրամբարի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի օտարել Դալարիկ և Լեռնագոգ համայնքների շուրջ 98,2 հա գյուղատնտեսական նշանակության համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտորներ, որից 34.08 հա–ը Դալարիկ համայնքից, իսկ 64,11–ը՝ Լեռնագոգ:
1971 թ. «Հայջրնախագիծ» ինստիտուտի ուսումնասիրությունների հաշվետվության փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է կառուցել պատվարի 30 մ բարձրությամբ և 10,2 միլիոն խմ ընդհանուր ծավալով Մաստարայի ջրամբարը Մաստարա գետի վրա, որը գտնվում է Արմավիրի մարզում՝ Սելավ Մաստարա գետահովտում: Ապագա ջրամբարի ջրածածկ տարածքը կազմելու է 80 հա: Ջրամբարը նախատեսվում է լցնել Սելավ, Մաստարա և Ախուրյան գետերի գարնան վարարային հոսքով:
Մաստարա ջրամբարի ծրագրով նախատեսվում է 4384 հա հողատարածքների ոռոգման բարելավում: Ոռոգվող տարածքները տեղաբաշխված են Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան, Լուկաշին, Նորապատ և Նորավան համայնքներում, որից ոռոգվում է 3794 հա, իսկ 590 հա–ը լրացուցիչ, ներկայում չմշակվող ոռոգելի տարածքներ են: Բոլոր հողատարածքները, որոնք կոռոգվեն ապագա ջրամբարից, գտնվում են «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ–ների կազմում:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է կառուցել գեոմեմբրանե ծածկով քարալիցք պատվար, ինչպես նաև ջրամբարի անջրանցիկության ապահովման գեոմեմբրանային տեսակը՝ հաշվի առնելով վերջինիս տեխնիկա–տնտեսական բնութագիրը: Ջրամբարը նախատեսվում է կառուցել Մաստարա–Սելավ հոսքի վրա, որը չի հանդիսանում բնական ջրային ռեսուրս: Սակայն, բոլոր դեպքերում, ջրամբարի շահագործումը կազդի հոսքի ջրային բալանսի վրա:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան



