Մարտի 1–ի «զոհը» պայքարում է և դեռ բացահայտելու է
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Մարտի 1–ի գործով ազատազրկված Գևորգ Մանուկյանը Հայաստանից հեռացավ՝ հավատալով, որ մի օր վերադառնալու է: Գևորգ Մանուկյանը ձերբակալվելուց հետո ծեծի ենթարկվեց ու գրեթե կորցրեց մեկ աչքի տեսողությունը: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նախկին քաղբանտարկյալը բացահայտեց` Հայաստանում բոլորը «խաղում են», ու հաղթում են ուժեղները:
«Հայաստանից հեռացա 2012 թվականի աշնանը: Ես պայքարի մարդ եմ ու դատարանում էլ բղավեցի (կան տեսագրված կադրեր): 2008 թվականին հավատս մորթվեց, ու եկավ պահը, որտեղ իմ առողջությունը թանկ գնահատեցի ու գնացի փրկելու մնացած տեսողությունս: Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ամենատարբեր ճանապարհներով ահաբեկող հաղորդագրություններ ու կենդանի սպառնալիքներ էի ստանում: Ես գնացի, որովհետև կարևորագույն դեպքերի ականատես էի ու կյանքիս ռեալ վտանգ էր սպառնում»,– պատմեց Գևորգ Մանուկյանը:
Գևորգ Մանուկյանը ընդգծում է, որ հիմա էլ հոգեպես ծանր է վերապրում կատարվածը, սակայն ոչ մի բանի համար չի ափսոսում` հանուն երկրի է ապրել.
«2003–2004 թվականներին ունեի Հայաստանը լքելու հնարավորություն, բայց մնացի, որովհետև հավատում էի, որ երկրում դրական առումով բան կփոխվի: Ես ընդդիմադիր շարժման մեջ մտա, երբ «Հարսնաքար» ռեստորանում սպանվեց Վահե Ավետյանը: Հետո արենայում Արտաշես Գեղամյանն էր… նույն ժամանակ Աննա Իսրայելյանի ֆոտոապարատը ջարդեցին «Նաիրի» կինոթատրոնի մոտ, ու Գեղամյանին «քարկոծեցին» ձվերով: Բագրատյանին ծեծեցին իմ աչքի առջև:
Այդ օրերին ընդդիմություն էին Արամ Զավենի Սարգսյանը, Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը... ես ամեն բան կորցրի ու ձեռք բերեցի հպարտություն: Դա էլ ինձ սփոփելու համար եմ ասում… մեկ տարի ու կես բանտում էի, հետո գնացի Ռուսաստան: Ռուսաստանում հասկացա, որ ապրելու համար ինձ պայքարի նոր ուղի է պետք: 2012 թվականի մայիսի ընտրություններից հետո վերադարձա Հայաստան: Ես փոփոխության էի սպասում, սակայն իմ սպասումները վարձատրվեցին սառը ցնցուղով»:
Գևորգ Մանուկյանի խոսքով` այդ օրերին է առաջին անգամ մտածել Հայաստանից գնալու մասին. «Առողջական վիճակս վատ էր, ու բոլոր հիվանդանոցներում նույն բանն էին առաջարկում` պետք է հեռացնենք աչքդ: Աչքս վնասվել էր ծեծի հետևանքով: Լավ եմ հիշում: Դեկտեմբերի 23–ին մտան մեր խուց և պահանջեցին, որ ներման խնդրագրերով դիմենք Սերժ Սարգսյանին: Ես ներում խնդրելու կարիք չունեի: Այդ ժամանակ մոտ 30 հոգի հարձակվեցին վրաս, ու ես ծեծի ենթարկվեցի: Ես կորցրի տեսողությունս, բայց հոգիս մնաց Հայաստանում»,– նշեց Գևորգ Մանուկյանը:
Գևորգ Մանուկյանը գտնվելով Հայաստանից հեռու` մասնակցում է ներքաղաքական և արտաքին քաղաքական պրոցեսներին.
«Ես բնակվում եմ Ստրասբուրգ քաղաքում, որտեղ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և եվրոպառլամենտը, նաև Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի շենքը, որտեղ Հայաստանից պատվիրակություն է գալիս տարվա չորս եղանակին էլ` ժողովներ են լինում:
Ես բոյկոտում եմ նաև Հայաստանից եկող պատվիրակությանը, ովքեր ասում են, որ Հայաստանում պրոբլեմներ չկան: Ես ցույց եմ տալիս, որ իմ՝ այստեղ հայտնվելը արդեն պրոբլեմ է, ու Հայաստանը իրականում ճգնաժամի մեջ է, քանի որ արտագաղթը չարիք է: Ես հավատում եմ, որ կհաղթի արդարությունը, բայց որևէ բանում վստահ չեմ»,– նշում է նախկին քաղբանտարկյալը, ով եվրոդատարանին դիմում–գանգատ է ներկայացրել:
«Առաջին գործս Ստրասբուրգում` դա էր: Իմ դիմում–գանգատը պետք է ուղարկված լիներ 2009 թվականի աշնանը` Հայ ազգային կոնգրեսի կողմից: Ջհանգիրյան Գագիկը չի ուղարկել գանգատը, ավելի ուշ այն ուղարկեց իմ փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Սա առիթ հանդիսացավ, որ ես հիասթափվեմ ընդդիմություն կոչվածից: Սակայն ուզում եմ արձանագրել, որ իմ պայքարը բազմաբովանդակ է, քանի որ ես պայքարում եմ և՛ իմ, և՛ այլոց իրավունքների համար»,–ընդգծեց Գևորգ Մանուկյանը:
Լուսինե Ղազարյան



